Արցախյան իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը. Լեմկինի ինստիտուտ

Մեկ տարի առաջ Արցախում սկսվեց Ցեղասպանությունը: Այնուհետև Ադրբեջանը 10-ամսյա դաժան շրջափակումից հետո ներխուժեց 3000-ամյա հայկական տարածք և փաստացի Արցախ պետություն (Լեռնային Ղարաբաղ): Դրա մասին ասված է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ։

Ադրբեջանը սպանել է հարյուրավոր հայերի և բռնի տեղահանել մնացած բնակչության գրեթե 100%-ին։ Պաշարումն ու ներխուժումը բնութագրվում էին համաշխարհային գերտերությունների, ներառյալ Միացյալ Նահանգների, սոսկալի լռությամբ, ինչպես նաև տարբեր քաղաքական առաջնորդների և միջազգային կառույցների ապշեցուցիչ անգործությամբ՝ դրանով սկիզբ դնելով «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանին:

Լեմկինի ինստիտուտը հանդես է գալիս ցեղասպանության արդյունքում տեղահանվածների իրավունքների պաշտպանության օգտին։ Այդ իրավունքներից մեկն իրենց տներ վերադառնալու իրավունքն է: Մյուս իրավունքն էլ ինքնորոշումն է՝ իրենց խմբի համար՝ սեփական պապենական հողում: Մենք մերժում ենք գերտերությունների միջև ձևավորվող կոնսենսուսը, որով մենք պետք է ապրենք մի աշխարհում, որտեղ ցեղասպան պետություններն ու կազմակերպությունները բացարձակապես անպատիժ են գործում:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում մեղավորներին միջազգային պատասխանատվության ենթարկել դաժան հանցագործությունների համար, անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և պաշտպանել հայ ժողովրդի քաղաքական, մշակութային և մարդկային իրավունքները։

Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն: Անչափ կարևոր է, որ միջազգային դերակատարները քաջություն գտնեն կոչ անելու դադարեցնել անպատժելիությունը, որից օգտվում է Ադրբեջանը:

Բայդեն․ Հայաստանի հետ մենք գնում ենք դեպի ռազմավարական գործընկերություն

Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն, վարչապետ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում», – ասված է Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Ջո Բայդենի ուղերձում։

«Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը», – նշել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ջո Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։

«Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ», – ասված է նախագահ Բայդենի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում:

«Եռաբլուրում» տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողություն

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:

Վանյան ընտրել է անմահ հերոսների շարքը

Վանյա Հովհաննիսյանը Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից էր։

28ամյա երիտասարդը շատ էր սիրում իր գյուղը, որն իր համար աշխարհի ամենագողտրիկ անկյունն էր։ Հայրենիքը մեծագույն արժեք էր Վանյայի համար, իսկ մայր հողի պաշտպանությունը՝ սրբագույն պարտք այդպես էր դաստիարակվել․․․

2013-2015 թթ ժամկետային զինծառայությունն անցնելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանք գտնելու։ 2020-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, Վանյան չէր կարող հանգիստ նստել օտար երկրում հայրենիքը կրկին վտանգված է և ունի իր զավակների կարիքը։ Առանց հարազատներին տեղյակ պահելու, բոլորից գաղտնի նա վերադարձավ հայրենի գյուղ և լրացրեց կամավորների շարքերը։ Ընկերների հետ Վանյան մասնակցեց մարտական գործողություններին, տեսավ պատերազմի ողջ դաժանությունը և Աստծո կամոք վերադարձավ ընտանիքի գիրկը, որտեղ նրան սպասում էին ծնողները, եղբայրը, քույրերը․․․

Քույրը՝ Անին, պատմում է․

-Երբ ավարտվեց 44-օրյա պատերազմը, եղբայրս այլևս չցանկացավ հեռանալ Արցախից։ Նա մնաց գյուղում, կամավորագրվեց աշխարհազորին ու կանգնեց  հայրենիքի պաշտպանների կողքին։ Միշտ ասում էր՝ վրեժ ունի թշնամուց լուծելու։ Մեծ ցավ էր ապրում, որ պատերազմում զոհվել է քրոջ ամուսինը՝ Արտակը, որի հետ նա և՛ ընկեր էր, և՛ եղբայր։ Հոգու խորքում Արտակի վրեժն էր ցանկանում լուծել։

Վերջին ժամանակաշրջանում ասում էր, որ պատերազմ է լինելու։ Կանայք, ծերերն ու երեխաները դուրս են գալու գյուղից, իսկ տղամարդիկ մնալու են ու կռվեն։ Ցավոք, այդպես էլ եղավ։

Նախավերջին անգամ դիրքերից իջնելուց ուսապարկը թողել էր այնտեղ, ու որոշել էր, որ չի գնալու, ընկերները կբերեն իր ուսապարկը, հաջորդ հերթափոխմանը կգնա։ Կարծես Աստված էր նախազգուշացնում, որ չգնա դիրքեր, սակայն գիշերը հանկարծ մտափոխվեց ու գնաց։

Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, գնդացրորդ Վանյան դիրքում էր։ Հրամանատարի հետ 10 հոգի էին։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել էր սեպտեմբերի 18-ին։ Դրանից հետո հարազատներին չհաջողվեց խոսել նրա հետ կապը լրիվությամբ բացակայում էր։

Ճակատագրի բերումով փրկված մարտական ընկերները պատմում են

-Վանյայենց խումբը 10 հոգով կռիվ էր տալիս թշնամու անհավասար ուժերի դեմ։ Կենաց ու մահու կռիվ էր։ Տղաները կռվում էին վրեժխնդրորեն, կրճտացրած ատամներով։ Նույն դիրքում էր նաև Վանյայի հորեղբոր տղան։

Դիրքն անընդհատ հրետակոծվում էր, թշնամին ցանկացած պահի կարող էր մտնել դիրք։ Մոտակա դիրքերն արդեն թշնամու վերահսկողության տակ էին։ Տղաներից մի քանիսը հետ քաշվեցին։ Հրամանատարի հետ դիրքում մնացին Վանյան ու երեք հոգի։ Այդ ընթացքում դեռ լսվում էր Վանյայի գնդացրի ձայնը։ 

Մեկ ու կես ժամ միայնակ կռիվ են տվել իսկ երբ ПКի ձայնը կտրվել է, հասկացել են, որ Վանյան ու ընկերներն արդեն չկան։ Տղաները մարտնչել են ինչքան հնարավոր էր՝ կենդանի վահան հանդիսանալով դիրքերի մոտ գտնվող գյուղերի բնակիչների համար։

Անին շարունակում է պատմել

-Պատերազմից մի քանի օր հետո, երբ հորեղբորս տղան կապի դուրս եկավ, մենք հույս էինք պահում, որ Վանյան էլ ողջ կլինի և շուտով կկապվի մեզ հետ։ Անորոշության ու հուսահատության մեջ Հարությունագոմերից մայրս ու մեր բոլոր հարազատները տարհանվել էին Ստեփանակերտ, անգամ չհասցնելով վերցնել անհրաժեշտ իրերը, նույնիսկ ամենաթանկը՝ 2021 թվականին մահացած հորս նկարը։ Վանյայի մասին լուրեր էինք փնտրում օպերատիվ շտաբից,  շրջափակումից փրկված տղաներից, դիրքերից տարհանված վիրավորներից։ Նրան որոնում էինք հիվանդանոցներում, վիրավորների մեջ։ Սակայն, ավա՜ղ, եկավ գույժը։ Եղբայրս չկար, նա ընտրել էր անմահ հերոսների շարքը․ անմահացել է գնդացիրը գրկած․․․

Փրկարարները դիրքում նահատակված տղաների հետ իջեցրին նաև Վանյային։ Նա հուղարկավորվեց հոկտեմբերի 15-ին Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Մեզ համար կրկնակի ցավ է, որ Վանյան զոհվեց հանուն Արցախի, հանուն Արցախը հայ պահելու, սակայն Արցախն այսօր չկա։ Մեզ համար հուսադրողն այն է, որ տղաները զոհվելով՝ կյանքեր են փրկել։ Եթե իրենք դիմադրություն ցույց չտային, բոլորին անխնա կկոտորեին․ օրինակները շատ են։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Տոկաեւ․ Հայաստանը Փաշինյանի օրոք մեծ հաջողությունների է հասել՝ քարեր հավաքելու ժամանակն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նրա ուղերձում։

Քաղաքականության մեջ ընդունված է հաջողությունները հաշվել ակնհայտ արդյունքներով, հատկապես Հորդայի պատմություն ունեցող երկրներում։ Յուրաքանչյուր մոնղոլ, գնալով մեծ արշավանքի, մի քար էր նետում կույտի մեջ և վերադառնալու դեպքում վերցնում էր այն։ Նոր նվաճումների գինը հաշվարկվում էր չվերցված քարերի քանակով։

Տոկաևի նշված հաջողությունները եւս հաշվարկվում են չհավաքված «քարերով»։

Հայաստանը պարզաբանումներ է պահանջել Բրիտանիայից Ղարաբաղի հարցով

Ազատություն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամը քննադատությունների է արժանացել՝ մեղադրվելով դիվանագիտական սխալի համար: Նա իր բլոգում պնդել է, թե Ադրբեջանը «ազատագրել է» Լեռնային Ղարաբաղը, գրում է Financial Times-ը։

Այս հայտարարությունը Լամն արել է երկուշաբթի օրը Substack-ի նոր բլոգում, որտեղ նա նախատեսում է ավելի երկար հոդվածներ գրել համաշխարհային գործերի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Ադրբեջանը կարողացել է ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքները»,- ասվում է գրառման մեջ։

Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման պետքարտուղարի այս միտքը չի հանվել կամ փոփոխվել՝ չնայած քննադատության ալիքին։ FT-ն նկատում է, որ հայկական կողմը Բաքվին մեղադրում է էթնիկ զտման մեջ, ինչը Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի գրառման մեջ չի արտացոլվում։

Տարբեր դիվանագետներ քննադատել են այս հայտարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, պարզաբանել է, որ Լամիի մեկնաբանությունը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հարցում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշման փոփոխություն։

Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության խոսնակն ասել է, որ արտգործնախարարն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես լրացուցիչ պարզաբանումներ է խնդրել Մեծ Բրիտանիայից Լամի հրապարակումից հետո, FT-ին ասել է հայ պաշտոնյան:

«Արցախյան մշակույթի օրեր»՝ Թեքեյան կենտրոնում

Այս շաբաթ մեկնարկել է «Արցախյան մշակույթի օրեր» երկօրյա ձեռնարկը, որը կազմակերպում են «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը և «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն: Միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու արցախյան մշակույթի յուրօրինակությունն ու հարստությունը, ինչպես նաև պահպանելու այն դժվարին ժամանակներում։ Մուտքն ազատ է բոլորի համար:

Արցախյան մշակույթի պահպանման առաքելությունը

2023 թվականի նոյեմբերին հիմնադրված «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը նպատակ ունի պահպանել և խթանել արցախյան մշակույթը՝ համախմբելով տեղահանված արցախցիներին մշակութային ծրագրերի շուրջ: Կազմակերպությունը իր առջև դրված խնդիրներն է համարում արցախյան մշակութային արտադրանքի պահպանությունը, օկուպացված տարածքների բնակչության միջև ներհամայնքային կապերի ամրապնդումը, ինչպես նաև արցախյան մշակույթի հանրահռչակումը թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակով:

Պետական և ինքնագործ համույթների համախմբում

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» հանդիսանում է մի հարթակ, որը միավորում է Արցախի պետական և ինքնագործ մշակութային խմբերը: Դրանց թվում են «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը», «Արցախի պետական երգչախումբը», «Մռակած պետական կամերային երգչախումբը», «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը, «Արցախի պետական ջազ նվագախումբը», «Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական տիկնիկային թատրոնը» և Արցախի պարի պետական համույթը: Բացի այդ, կենտրոնը ներառում է նաև Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկական երգչախումբը և «Վէլլանս» վոկալ խումբը, «Արցախի այաներ» համույթը և այլ ինքնագործ խմբեր:

Արցախյան մշակույթի հանրահռչակումը

Կենտրոնի նպատակներից է նաև համախմբել Արցախի մշակութային գործունեությունը, հայթայթել միջոցներ պետական կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների գործունեությունը շարունակելու համար և խթանել արցախյան մշակույթի ճանաչելիությունը աշխարհում։ Հիմնադրամի ու կենտրոնի համատեղ ջանքերով այս ձեռնարկը դառնում է հարթակ՝ արտահայտելու արցախցիների ստեղծագործական ոգին ու ժառանգությունը:

Միջոցառումը տեղի կունենա «Թեքեյան Կենտրոնում», և կազմակերպիչները սիրով սպասում են բոլոր հետաքրքրվածներին՝ արցախյան մշակույթի յուրօրինակությունը գնահատելու և պահելու գործում իրենց ներդրումը բերելու համար:

Տաթև Ազիզյան

Փաշինյանն ու Բագրատ սրբազանը «այո» են ասում Անկախության հռչակագրի խախտմանը

Այսօր Հայաստանի Անկախության օրն է․ 33 տարի առաջ այդ օրը խախտվել է 1989-ի ՀՀ Անկախության հռչակագիրը, այդ թվում՝ 1989-ի Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը, եւ անկախության հանրաքվե է անցկացվել միայն ՀԽՍՀ տարածքում։ Մի քանի ամիս անց Արցախի տարածքում ստիպված էին առանձին հանրաքվե անցկացնել։

Հայաստանի գործող Սահմանադրությունը հղում է անում հենց 1990-ի Հռչակագրին, այդ թվում՝ 1989 թ․ որոշմանը։ Այդ մասին խոսում է Ալիեւը, որն ամենօրյա ռեժիմով հիշեցնում է՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։

Այսօր Նիկոլ Փաշինյանը եւս խոսել է 29,9 քառ․կմ տարածքում անկախության մասին։

«Մենք 1991 թվականի «այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք: Այս մասին ասել է նաեւ Բագրատ Սրբազանը՝ անկախության օրվան նվիրված իր ուղերձում:

«Ես շատ հուսով եմ, որ մեր հանրության ճնշող մեծամասնությունը ասելու է, որ ինքը ցանկանում է, փափագում է ունենալ եւ պահպանել 1991 թվականին արյունով վերագտած ազատությունն ու անկախությունը», ասել է սրբազանը:

Սրբազանը եւ նրան աջակցող ուժերի մեծ մասը «այո» չեն ասում 1989-ի որոշմանը եւ իրական Հայաստանին, որի արցախյան մասն այսօր օկուպացված է։

Սա է իրական Հայաստանը․ նույնիսկ եթե դուք վախենում եք դա ասել, Ալիեւը ձեզ հիշեցնում է։

Թշնամու ֆոսֆորը: Հեռանալու դժվար որոշում: Վերադարձ միայն հայկական Արցախ

Մարինե Դանիելյանը Ճարտարից է, ամուսնու մահից հետո միայնակ մեծացրել է երկու որդիներին: Երկու որդիները արցախյան երկու պատերազմների մասնակից են: Ավագը 2020 թվականի պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել էր՝ այրվել էր ֆոսֆորից:

«Ավագ որդիս պատերազմի ժամանակ Հերհեր գյուղի մոտ այրվել էր ֆոսֆորից։ Հենց նրա մոտ 5 հոգի զոհվել էին: Իրականում հրաշքով է փրկվել, ընկերներն են փրկել, չնայած որ հորդորում էր նրանց, որ հանկարծ չփորձեն օգնել, քանի որ հնարավոր էր, որ նույնը կրկնվի, սակայն ընկերները չեն լսել: Փառք Աստծո, որ տղաս փրկվել է»:

 Չնայած այս ամենին, Մարինեի որդիները չեն ընդհատել իրենց մարտական ուղին․ ավագ որդին ծառայության էր անցել Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ կրտսեր որդին՝ Պաշտպանության բանակում, որպես պայմանագրային զինծառայող: 2023 թ. պատերազմի ժամանակ առաջինը Թաղավարդն էր պաշտպանում, իսկ երկրորդը՝ հայրենի Ճարտարը:

Ինչպես գրթե բոլոր արցախցիների, այնպես էլ Մարինեի համար ամենադժվարը գիտակցելն էր, որ պետք է լքել ծննդավայրդ, սակայն այլ ելք չկար:

«Մենք մեքենա չունեինք, որդիներս ստիպել են, որպեսզի ես առանց նրանց ամուսնուս եղբոր ընտանիքի հետ ճանապարհվեմ: Ասացին, որ նրանք տղաներ են, կկարողանան ամեն տեսակի մեքենաներով դուրս գալ։ Ոչ մի բան չենք վերցրել, միայն մեր փաստաթղթերը»։

Ասում է, որ հինգ օր է տևել նրանց ճանապարհը, առանց հաց և ջրի։ Ճանապարհին վթարներ են տեսել, սակայն նրանց հանդեպ կյանքը մի փոքր ավելի քիչ դաժան գտնվեց, քանի որ՝ ի տարբերություն մյուս հայրենակիցների քիչ դաժանությունների էին առնչվել։

«Խաղաղապահները ընդհանրապես մեզ չեն օգնել, առանց սնունդ, ջուր, հինգ օր ճանապարհին։ Հինգ օրից հասել ենք Կոռնիձոր, մեզ շատ լավ դիմավորել են։ Որոշել ենք հենց Գորիսում մնալ»։

Մարինեն մեծ դժվարությամբ, սակայն կարողացել է աշխատանք գտնել Գորիսի համայնքապետարանում, որպես հավաքարար։ Սակայն ինչպես մյուս հայրենակիցները, տրտնջում է ֆինանսական վիճակից։

«Պետության կողմից տրված նպաստները հերիքում են միայն տան վարձին, ստացվում է, որ ընտանիքս միայն իմ աշխատավարձի հույսին է, չնայած տղաներս ևս բանվորություն են անում, երբ նման աշխատանքներ են լինում։ Եթե կանայք գոնե ինչ-որ ձև կարողանում են աշխատանք գտնել, ապա տղամարդկանց համար շատ ավելի դժվար է, դրա համար տղաս ցանկանում է Երևան տեղափոխվել, ասում է, որ այնտեղ գոնե աշխատանք կա, այստեղ մի քանի օր գնում աշխատում են, աշխատանքը էլի կանգնում է»։

Մարինեի միակ ցանկությունը եւ պահանջը Հայաստանի և Արցախի կառավարությունից՝ հայկական Արցախ վերադառնալն է, թեկուզ միջազգային խաղաղապահների ներկայությամբ, բայց հաստատ առանց ադրբեջանցիների։

Ալվարդ Գրիգորյան

Պարտության ֆինանսական բաղադրիչը

Հայկական երկրորդ պետականության կորստի պատճառները շատ են ու բազմաշերտ՝ աշխարհաքաղաքական, մարտավարական-ռազմավարական, ռազմական, քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական և այլն: Դրանցից յուրաքանչյուրն առանձին ու խորը ուսումնասիրման կարիք ունի:

Բռնատեղահանված արցախցիների մասնակցությամբ օրերս կայացած մի քննարկման ժամանակ առանձնակի անդրադարձ եղավ պարտության ֆինանսական բաղադրիչին՝ ընդհանրապես, և 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքների վերացման նպատակով ՀՀ բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսմանը՝ մասնավորապես:  Ընդ որում, հստակեցվեց, որ ֆինանսական բաղադրիչը միայն զուտ ֆինանսական չէ, քանի որ տարիներ շարունակ մսխված գումարները նախատեսված են եղել թե՛ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և թե՛ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը, իմա՝ երկրի ու ժողովրդի դիմակայունության մեծացմանը:

Սեպտեմբերի 18-ին «Ստեփանակերտ» մեդիա ակումբի կազմակերպած քննարկման նպատակն էր աջակցել, որպեսզի ապօրինաբար ձեռք բերված բոլոր միջոցները վերադարձվեն եւ ուղղվեն բռնի տեղահանված արցախցիների աջակցության նախաձեռնություններին՝ ապահովելով վերջիններիս թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Քննարկման ընթացքում խոսվեց 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման նպատակով ՀՀ բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսման հանրային հետաքննության նպատակով ստեղծված նախաձեռնության, դրա առաջին արդյունքների, ինչպես նաև անելիքների մասին: Պարզվեց, որ արդեն իսկ կան լուրջ բացահայտումներ ու ժողովված փաստեր, որոնք էլ ներկայացվել են իրավապահ մարմիններին, ավելին՝ արդեն իսկ հարուցվել են մի քանի քրեական գործեր։ Արդեն իսկ կան Արցախի Ներդրումային հիմնադրամից ավելի քան 69 մլրդ դրամի հափշտակման վերաբերյալ հստակ տեղեկություններ: Իսկ «Վելես»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրականացրած հետաքննության արդյուքնում պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերից մինչեւ 2023 թվականի ապրիլը Ներդրումային հիմնադրամից 467 մլն դոլար գումար է «բաշխվել» 48 ընտանիքների միջև։

Հստակ հասցեագրելով հափշտակումների պատասխանատուներին և Արցախի ռազմաքաղաքական էլիտայի առանձնակի պատասխանատվությունն ընդգծելով՝ քննարկման մասնակիցները, միևնույն ժամանակ, փորձեցին պարզել, թե արդյո՞ք հնարավոր էր այս բոլոր գործարքներն անել առանց Հայաստանի բարձրագույն ղեկավարության առնվազն իմացության կամ միգուցե նաև թողտվության: Ըստ մասնակիցների՝ այս հարցի պատասխանի   ՀՀ իշխանությունների վերաբերմունքն է լինելու նշված հափշտակությունների հետաքննության հարցում, ըստ որի էլ կպարզվի նրանց պատասխանատվության չափը:

Անդրադառնալով անելիքներին՝ քննարկման մասնակիցները կարևորեցին արցախյան հասարակական կազմակերպությունների ակտիվությունն ու նպատակամիտվածությունն այս հարցում, ինչպես նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության կարևորությունը:

Քննարկված խնդրի համատեքստում առանձնակի կարևորվեց բռնատեղահանված արցախցիների ինքնակազմակերպման խնդիրը:

Step1.am-ը հարց ուղղեց մասնակիցներին՝ արդյոք չպե՞տք է խնդիրն ավելի գլոբալ դնել ՀՀ իշխանությունների առաջ եւ փորձել պարզել, թե այսօր ինչպես են ծախսվում տարբեր միջազգային կազմակերպությունների ու երկրների կողմից բռնի տեղահանված արցախցիների աջակցության ծրագրերի համար հատկացվող գումարները։ Ի պատասխան նշվեց, որ թափանցիկություն ու հաշվետվողականություն ապահովելու հարցը պետք է բարձրացվի ՀՀ կառավարության առաջ։ Այս համատեքստում խոսվեց նաև բռնատեղահանվածներին աջակցության նպատակով դոնորների միջազգային համաժողով անցկացնելու հավանականության մասին, ինչն ամեն ինչից զատ նաև կարևոր քաղաքական նշանակություն կունենա և ի չիք կդարձնի այն պնդումները, թե Արցախի հարցը փակված է:

ԵՄ-ն 13.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ արցախցիներին օգնելու ծրագրով

Այս շաբաթ Եվրոպական Միությունը 13.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի կառավարությանը՝ որպես իր 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության ծրագրի մաս, որը նպատակ ունի աջակցել Լեռնային Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը:

Հայերի վերադարձը ԼՂ կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը. Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությանը՝ այն որակելով որպես էթնիկ զտում։

«Մեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, և 120 հազար հայեր ադրբեջանական վարչակազմի կողմից բռնի կերպով տեղահանվեցին Արցախից, այն հողից, որտեղ ապրում էին ավելի քան երկու հազար տարի։ Ինը ամիս տևած շրջափակումից ու սովից հետո Ադրբեջանը հարձակվեց նրանց վրա։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Կամպոն Ադրբեջանի գործողությունները որակեց որպես ցեղասպանություն։ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանն իր հերթին կայացրեց մի քանի որոշումներ՝ նշելով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Նրանք չեն կարող վստահել Ադրբեջանին, մի երկրի, որն իրականացրել է էթնիկ զտում և սպանել շատ հայերի` դրսևորելով ծայրահեղ ռասիզմ։ Հայատյացությունը նույնիսկ նրանց ազգային քաղաքականությունն է»,- ասել է Թանկյանը։

Նրա համոզմամբ՝ հայերի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում նրանց անվտանգությունը կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը:

Դրա համար անհրաժեշտ է միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների քաղաքական կամքը։ Այդ գործում մեծ դերակատարում կարող է ունենալ նաև ԵԱՀԿ-ն։

«Մենք չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը, հայրենի բնօրրան վերադառնալու մեր իղձը։ Այն, ինչ տեղի ունեցավ, գաղութատիրության օրինակ էր՝ վատագույն դրսևորմամբ, ներառյալ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Արցախցիները պետք է իրենց տուն վերադառնալու հնարավորություն ունենան, ապրեն խաղաղ և նորմալ պայմաններում։ Մենք բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին»,- ասել է Թանկյանը։