ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ նիստում ասաց, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն ական է Հայաստանի Հանրապետության տակ, եւ Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները՝ Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու համար։
Ըստ պատգամավորի՝ թե ի՞նչ հիմնարար սկզբունքներով է իրականացվելու սահմանազատումը, ՍԴ անդամներն այս հարցի պատասխանը չեն տալիս։ «Կասեն՝ Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ կասե՞ք՝ այդ հռչակագրում որ սահմաններն են հիշատակված, հռչակագրում սահմաններ նկարագրված չեն, որեւէ քարտեզի վրա հղում արված չէ։ Հաջորդը՝ ասվում է, որ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել։ Հասկանում եք, չէ, որ օպտիմալացման արդյունքում սահմանը կարող է փոփոխվել , ո՞վ պիտի հաստատի այդ նոր տարածքը։ Սահմանադրական դատարանին այդ հարցը չի հետաքրքրում»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանը նաեւ հավելեց, որ մեկ այլ ական է հատվածական սահմանազատումը, որն ամրագրված է ՍԴ կողմից հավանության արժանացած կանոնակարգում։ «Ադրբեջանցիք կարող են պահանջել սահմանազատել Արարատի մարզի եւ Նախիջեւանի միջեւ սահմանագծի խիստ որոշակի հատված, վստահ եմ, հասկանում եք ինչ ի նկատի ունեմ։ Այդ հատվածում սահմանը կնկարագրվի, կստորագրվի, եւ վերջ։ Իսկ երբ կսահմանազատվի Ճամբարակի հատվածը, դարձյալ հասկանում եք, թե ինչ ի նկատի ունեմ, կամ ի՞նչ սկզբունքով, որևէ մեկն ասել չի կարող։ Այսինքն՝ այս թղթով, մենք ոչ թե պրոբլեմ ենք լուծում, այլ բազմաթիվ պրոբլեմներ ենք ստեղծում»։
ՍԴ որոշմանն անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ սա նպատակ ունի քողարկել այն գործընթացները ու զիջումները, որոնք ապագայում հնարավոր է ձեւակերպվեն «խաղաղության պայմանագրի» անվան կամ այլ փաստաթղթի տակ։
«Նշվում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի փոփոխություն, ինչը Սահմանադրության համաձայն՝ հանրաքվե է պահանջում։ Հետեւաբար, եթե ՍԴ-ն հետեւողական լիներ, պետք է ասեր՝ այս կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման, որովհետեւ Ազգային ժողովն իրավասու չէ նման լիազորություն վերապահել գործադիր իշխանությանը։ Եվ հաշվի առնելով նախադեպը, որը մենք ունենք թե Կիրանցի, թե Շուռնուխի, թե այլ տարածքների պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը փաստացի հանձնել են ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները, այս կանոնակարգը պետք է անպայման անցնի հանրաքվեի ճանապարհով։ Պառլամենտն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնել։ Այս գործողությունները Քրեական օրենսգրքով պաշտպանվող պետական, հանրային ու ազգային շահերի դեմ ուղղված քայլեր են։ Իշխանափոխությունից հետո այս ամենն իր գնահատականը ստանալու է, այդ թվում՝ միջազգային քրեական արդարադատության շրջանակներում»,- ասաց Մինասյանը։