Իրանը երեքշաբթի երեկոյան զանգվածային հրթիռային հարձակման փորձ է կատարել Իսրայելի վրա։ Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են։ Թեհրանն ասել է, որ դա արել է ի պատասխան Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների մահվան:
Գործակալություններում և սոցցանցերում արդեն հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում հրթիռներ են թռչում Իրանում, թռչում Հորդանանի վրայով և գնդակոծվում կամ ընկնում Իսրայելում։
Տեղական ժամանակով երեկոյան ութն անց կեսին իսրայելական բանակը հայտարարեց, որ վտանգն անցել է, և հնարավոր է հեռանալ ռմբապաստարաններից։
Իսրայելի զինվորականների նախնական հաշվարկներով՝ իրանցիները 180 հրթիռ են արձակել։
Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», երեկ ուշ երեկոյան, կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով․ – «Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ «ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք»։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին էլ հայտարարել է՝ հարձակումը հետևանքներ կունենա։
«Մենք ծրագրեր ունենք, և կգործենք այնտեղ, որտեղ և երբ անհրաժեշտ կհամարենք»,- ընդգծել է Հագարին:
Նա հավելել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կշարունակեն «գործել ողջ ուժով և հզոր հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ինչպես դա եղել է վերջին տարվա ընթացքում»։
Իրանական ISNA լրատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան հայտնել է, որ Իրանը փակել է իր Թեհրանի օդային տարածքը։ Չվերթները չեղարկվել են մինչև չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ը:
Երեկ կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավակայանից «Ազատության»-ը փոխանցեցին, որ «Երևանից Դոհա և հակառակ ուղղությամբ այս գիշեր նախատեսված բոլոր չվերթները չեղարկվել են»։
Ըստ իսրայելական կողմի՝ երեկ երեկոյան Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հստակեցրեց՝ մոտ 180 հրթիռ է արձակվել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին խոցել իրանական հրթիռները, հայտարարել է Սպիտակ տունը։ Բայդենը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հետևում են հարձակմանը Սպիտակ տան իրավիճակների սենյակից և պարբերաբար թարմացումներ են ստանում, X-ում ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը:
Իրանի ղեկավարությունը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ»-ի առաջնորդների սպանության համար:
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) նախօրեին հայտարարել էր, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: