ՔՊ-ն, օրինակ, կարող է արգելել Արցախի պաշտոնյաներին անվանել այդպիսին

  • 21:45 02.10.2024

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

Պարո՛ն Շահվերդյան, դուք սոցիալական ցանցում գրառում եք արել, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարցում են ուղարկել ԱԱԾ այն մասին, թե արդյոք երկրի անվտանգությանը սպառնո՞ւմ է ՀՀ տարածքում «գոյություն չունեցող Արցախի Հանրապետության իշխանության մարմինների ներկայացուցիչներ համարվող քաղաքացիների գտնվելը»։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանության այսօրինակ գործողություններն Արցախի ու արցախցիների դեմ։

-Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն Արցախի վտարանդի իշխանությունների նկատմամբ տարակուսանք է առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Ադրբեջանն արդեն հայտարարում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» վտարանդի կառավարության ստեղծման մասին։

Ինչ վեաբերում է պատգամավորների՝ ԱԱԾ-ին ուղղված հարցմանը, կարելի է ենթադրել, թե դա ինչ հետեւանքներ է ունենալու։ Եթե ԱԱԾ-ն ասի՝ այո՛, վտանգ կա, «Քաղաքացիական պայմանագիրը» հավանաբար նոր օրինագծեր կներկայացնի, որոնցով, օրինակ, կարգելվի Արցախի պաշտոնյաներին անվանել այդպիսին, Արցախի պետական մարմիններին հիշատակել։

Ընդհանրապես այս վերջին մեկ ամսվա ընթացքում մենք արձանագրում ենք լուրջ հակաարցախյան արշավ, որն իրականացնում են Հայաստանի խորհրդարանի որոշ պատգամավորներ։ Ինչո՞ւ է դա արվում։ Դրան հաջորդեցին «Դոգ»-ի այսպես կոչված բացահայտումները, Արցախի իշխանությունների վերաբերյալ այլ բացահայտումներ։ Իմ կարծիքով՝ այդ հակաարցախյան արշավը հետեւյալ նպատակն ունի՝ պառակտել արցախցիներին, որպեսզի թույլ չտրվի նրանց համախմբումը։ Երկու նպատակ կա՝ մեկը արցախցիների բռնի տեղահանման մեկ տարելիցի կապակցությամբ ընդհանրական միջոցառումների, պահանջատիրության բացառումն է, ինչը, մենք տեսանք, որ փաստացի հաջողվեց։ Երկրորդն ավելի հեռանկարային նպատակ է․ տարբեր հրապարակումների, նաեւ պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ արցախցիների աջակցության ծրագրերը կարող են ընդհատվել դեկտեմբեր ամսին։ Ուստի, հանրային կարծիք է նախապատրաստվում, որպեսզի այդ որոշումը բնականոն ընդունվի ՀՀ բնակչության կողմից, իսկ արցախցիները պառակտվելով՝ չկարողանան միավորվել ու իրենց պահանջները ներկայացնել։

Ինչ վերաբերում է աջակցության ծրագրերին, արցախցիները չեն իրենց հայտարարել ոչ Հայաստանի քաղաքացիներ, դա արել է ՀՀ կառավարությունը՝ մեր բոլորիս կամքին հակառակ։ Արցախցիներ չէ, որ հրաժարվել են Հայաստանի զինված ուժերում ծառայելուց, դա արվել է մեր կամքին հակառակ։ Այսինքն՝ երբ մեզ հայտարարել են փախստական ու ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել գաղթականի կարգավիճակ ունեցող մարդկանց ապահովել նվազագույն կենսապայմաններով՝ այս ոլորտի միջազգային կարգավորումներին համապատասխան։ Ուստի, արցախցիներին տրամադրվող աջակցությունը լավություն չէ ՀՀ կառավարության կողմից, հենց իրենք են մեզ հայտարարել ոչ Հայաստանի քաղաքացի ու փախստական։ Եվ Հայաստանի կառավարությունն ունի ստանձնած պատավորություններ՝ փախստականների կենսամակարդակն ապահովելու համար։

Արցախցիներին ուզում եմ հորդորել՝ ինչքան էլ այս այսպես կոչված բացահայտումներն իրենց սրտով լինեն, պետք է գիտակցեն, որ դա արվում է արցախյան հասարակության պառակտման համար, որպեսզի թույլ չտրվի համընդհանուր իրավունքների պաշտպանության որեւէ դրսեւորում։

-Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Արցախի իշխանությունը Հայաստանի համար, որի մասին խոսում է ՀՀ իշխանությունը։

-Ես կարծում եմ՝ Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունների գործունեությունը Հայաստանում ոչ թե ազգային սպառնալիք է, այլ այն կամրացնի մեր իշխանությունների դիրքերը բանակցային գործընթացում։ Ընդհակառակը, պետք է աջակցել, որ Արցախի իշխանություններն աշխատեն, մանավանդ այն ֆոնին, երբ Ադրբեջանում քննարկվում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» վտարանդի կառավարության ստեղծման խնդիրը։

Ադրբեջանի իշխանություններն ամեն փուլից հետո նոր պահանջներ են առաջադրելու Հայաստանին, ինչպես, օրինակ, երեկ Ալիեւն արդեն նոր թեզ մտցրեց օրակարգ՝ ասելով, որ ՀՀ-ն պետք է ներողություն խնդրի այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ ինչքան մենք զիջումներ անենք, այնքան Ադրբեջանի պահանջներն ավելանում են։ Ու Ադրբեջանն իմ պատկերացմամբ որեւէ ձգտում ու մտադրություն չունի ստորագրելու «խաղաղության պայմանագիր»։

Ռոզա Հովհաննիսյան

f