Ալիեւը հակված չէ ստորագրել․ ինչ է ակնարկում Ալեն Սիմոնյանը

  • 02:03 03.10.2024

«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այո՛, ինքն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Եվ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական», – խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ պնդելով, որ միևնույն է՝ Հայաստանը պետք է հետևողականորեն առաջ տանի խաղաղության օրակարգը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալել Կլիմայական համաժողովը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։

Միաժամանակ Միրզոյանը ֆորումի մասնակիցներին փոխանցել է հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում․ “Ես անձամբ ինքս որևէ վստահություն չունեմ Ադրբեջանի խաղաղարար նպատակների հարցում»։

Հիշեցնենք, որ Ալիեւն արդեն պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։

«Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գազանությունները։ Դա կարող է դառնալ երկու երկրների միջև վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», – նշել է Ալիևը։

Փաշինյանը եւ Միրզոյանը, փաստորեն, ճանաչում են, որ մինչեւ Բաքվում կայանալիք COP 29 միջազգային գագաթնաժողովը պայմանագիր չի ստորագրվելու, Ալիեւը նոր պայմաններ է առաջ տանում, եւ պատերազմի վտանգը ավելանում է։ Եթե դա Հայաստանի կառավարության ռազմավարությունը չէ, ապա ի՞նչ գործիքներ ունի այն՝ նման ընթացքը կանխարգելելու համար։ 

Մինչ օրս նման գործիքների մասին չի խոսվում, թեկուզ դրանք ակնհայտ են, օրինակ, հետ կանչել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պահանջել Մինսկի խմբի մանդատի կատարումը, իրագործել 1989 թ․ Միացումի մասին որոշումը, հիշեցնել Կարսի պայմանագրի ապօրինի բնույթի մասին եւ այլ։ 

“Գործիքի” մասին միայն Ալեն Սիմոնյանն է ակնարկում․

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ընտրությունն է՝ ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված 16 կետերով, կամ Բաքվում հաջորդ ամիս կայանալիք COP 29 միջազգային հեղինակավոր գագաթնաժողովը վերածել Ադրբեջանում պահվող հայ գերիների և խաղաղության պայմանագրի շուրջ միջոցառման։

«Արդյոք պետք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք այցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ», – ասաց ԱԺ նախագահը:

Հեսա տես ինչ ենք անելու, օ-հո-հո։