Պարզաբանում․ ինչո՞ւ են արցախցիներին սահմանամերձ բնակավայրեր “ուղարկում”

  • 09:51 03.10.2024

Ինչպես տեղյակ ենք արդեն, ՀՀ–ում մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որը կիրականացվի փուլերով ու եղանակներով, շահառուներին տրամադրվող հավաստագրերով։

Տարբեր են սակայն ընտանիքի մեկ անդամի հաշվով հավաստագրերի արժեքները, կախված, թե բնակարանը շահառուն որտեղ է ձեռք բերում․ ո՞ր մարզում, ո՞ր բնակավայրում։

Եվ այսպես, հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով, ըստ կառավարության կողմից ներկայացված բնակավայրերի ցանկերի, կազմում է` 5 մլն դրամ, 4 մլն դրամ, 3 մլն դրամ և 2 մլն դրամ, եթե շահառուն ունի հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Արցախահայության մոտ այս ծրագիրը նույնպես ոչ միանշանակ ընդունվեց, հատկապես էմոցիոնալ տիրույթում սկսվեցին մի շարք քննարկումներ, կապված պարտադիր ՀՀ քաղաքացիություն ունենալու և առավելագույն գումարը սահմանային բնակավայրերին տրամադրելու մասով։

Ինչու՞ են արցախցիներին ուղարկում սահմանամերձ բնակավայրեր, փորձեցինք ճշտել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանից։

  • Անշուշտ մեզ նույնպես հասնում են տարբեր ուղերձներ, որոնք տարածված են տեղահանվածների շրջանում, կապված ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի բնակապահովման ծրագրի հետ, որ կառավարությունը տեղահանվածներին նորից հետ է ուղարկում սահման։ Սակայն ես կուզենայի ձեր ուշադրությունը սևեռել 5 և 4 միլիոն արժողությամբ բնակավայրերի ներկայացված ցանկերին, դուք կտեսնեք, որ 5 մլն արժողությամբ  բնակավայրերի ցանկում ունենք 242 բնակավայր, իսկ 4 միլիոնի դեպքում՝  148։ ՀՀ-ում 2014 թվականի 1444 Ն որոշմամբ հաստատված ցանկով պաշտոնապես սահմանամերձ է ճանաչված 82 բնակավայր, որից երկուսը քաղաքային՝ Ճամբարակը և Նոյեմբերյանը։ Ակնհայտ է, որ նշված ցանկում շատ ավելի շատ են ոչ սահմանամերձ բնակավայրերը։ Իսկ թե ի՞նչ տրամաբանությամբ են կազմվել այդ ցանկերը. դրանց հիմքում դրված են բացառապես ներկայումս կառավարության կողմից իրականացվող ռազմավարական նշանակության ծրագրերը։ Եվ այդ բնակավայրերում հիմա, կամ շատ մոտ ապագայում իրականացվելու են տարբեր ներդրումային ծրագրեր․ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների ու ամբուլատորիաների շինարարություն, և այս տեսանկյունից շատ կարևոր է այդ բնակավայրերի բնակեցումը։ Ներդրումները չպետք է ինքնանպատակ լինեն։ Հավելենք նաև, որ շատ բնակավայրեր ունենք, որտեղ տրվում են արտոնություններ նաև կոմունալ ծախսերի առումով։ Բոլոր պետական ծրագրերում, այդ թվում նաև ոչ ԼՂ տեղահանված անձանց վերաբերող, կառավարության մոտեցումը հետևյալն է․ Երևանից ինչքան հեռու է գտնվում բնակավայրը, որտեղ որևէ ծրագիր է իրականացվում, այնքան արտոնությունները տվյալ բնակավայրի համար շատ են։

Հարկ է նաև նշել, որ ծրագրի վերջնական տարբերակով, այն գումարը, որը աջակցության շրջանակում տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, այսինքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3-ից 5 մլն․ դրամ, կախված բնակավայրից, և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարը, քանի որ գույքը ձեռք է բերվելու նպատակային վարկավորմամբ, ենթակա չէ վերադարձման, անկախ սոցիալական խմբի պատկանելությունից։ Այն 10 տարիների ընթացքում մարվելու է պետության կողմից։ Այլ բան է, եթե ընտանիքը իրեն հասանելիք գումարից բացի կցանկանա ավելի բարձր արժողությամբ գույք ձեռք բերել և ավել վարկ ստանալ, այդ ավել գումարն ու տոկոսագումարները վճարելու է շահառուն։

Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքների բնակապահովման մասով մեր զրուցակիցն ավելացրեց․

  • Եթե պայթյունի զոհ է դարձել կերակրողը, և ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո հաշվառվել է միասնական սոցիալական ծառայությունում որպես ընտանիքի կերակրողին կորցրած, օրենքի ուժով նրանք ստանում են կերակրողին կորցրածի նպաստ, ապա առաջին փուլի առաջնահերթություններում զոհվածների ընտանիքների և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամների ընտանիքների հետ նրանք հավասարեցված են։

Արմինե Հայրապետյան

 

f