«Փախստականների և ժամանակավոր տեղահանվածների թեման արդիական է երկու կողմերի համար»,- երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվան բացահայտորեն աջակցում է դեպի Հայաստան ադրբեջանցիների «վերադարձին», որոնց պետք է “պաշտպանել” և դրանով իսկ արդարացնել ՌԴ ռազմական ներկայությունը մնացած Հայաստանում։
Արցախում էլ Մոսկվան պաշտպանել է ադրբեջանցիներին հայերից. բավական է հիշել, թե ում ուղղությամբ էին ուղղված ռուս «խաղաղապահների» գնդացիրները։ Բացի այդ, քչերն են նկատել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նույնիսկ մի անգամ չի հիշատակվել «հայեր» էթնոնանունը։ Այսինքն՝ ռուս «խաղաղապահները» չեն ներմուծվել հայերին պաշտպանելու համար։
Այժմ Մոսկվան փորձում է կազմակերպել «երկու կողմից փախստականների վերադարձի» գործընթաց՝ արցախցիներին գայթակղելով գերեզմաններ այցելելու հնարավորությամբ։ Ամենացավոտ թեմաներով շահարկումները միանգամայն բնական են Ռուսաստանի ղեկավարության համար։
«Մենք օգտակար ենք համարում Բաքվի և Երևանի համար ակտիվացնել երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ շրջանակի շուրջ, այդ թվում՝ մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանման, գերեզմանոցների անվտանգ և ազատ մուտքի ապահովման և անհայտ կորածների որոնման վերաբերյալ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, մարդիկ նման մոտեցման մեծ պահանջարկ ունեն։ Եթե այդ հարցերի լուծման համար Մոսկվային ներգրավելու անհրաժեշտություն կա, ապա ռուսական կողմը պատրաստ է դրան, ասել է նա։