Ինչու Փաշինյանը մեղադրում է ոչ թե Ռուսաստանին, այլ Ռուբեն Վարդանյանին

  • 11:28 03.10.2024

«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի հասցեին արված վերջին հայտարարություններին, ասաց. «Չեմ կարծում՝ դա մեղադրանք է, այլ կասկած, եւ այդ կասկածի գործերը կարծես այլ՝ հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ Ռուբենին: Ռուբենը պարզապես միջնորդ է դարձել այդ նյութին: Ճիշտ է, որ մարդիկ պետք է կասկածեն, թե ինչ է տարբեր ազգերի նպատակները: Ես կարող եմ ասել, որ Ռուբենը՝ իմանալով, որ իրեն վտանգի տակ է դնում, Արցախ գնաց, որ այդ ժողովրդին օգնի»:

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Շատ կարեւոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով, ու վերջում /ՌԴ-ն/ ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում, թե ինքը ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան, Վարդանյանը Բաքվի բանտից ասել էր․  «Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից: Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի»։

«Եթե ուզում ենք այդ միջոցով ուղղել մեր կասկածները այլ երկրների, այլ ագենտների դեմ, դա հասկանալի է քաղաքականության մեջ: Եթե փաստեր կան, որ այլ ձեւով են գնում, պատրաստ եմ ես էլ հասկանալու»,- հայտարարեց Աֆեյանը:

Նուբար Աֆեյանը կարեւոր հայտարարություն է անում, որը արտացոլում է ՀՀ ներկայիս կառավարության գործելաձեւը։ Մեղադրելով Վարդանյանին կամ ուրիշներին Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ, Փաշինյանի կառավարությունը մեղադրանք չի ներկայացնում Ռուսաստանին՝ Հայաստանում, այդ թվում Արցախում քայքայիչ աշխատանք կատարելու համար։

Փաշինյանի կառավարությունը շարունակում է պահպանել Պուտինի հեղինակած նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Ռուսաստանի սահմանապահները շարունակում են ՀՀ սահմանների պաշտպանությունը, 102-րդ բազան ընդլայնվում է, իսկ ՀՀ ԱԱԾ-ը ոչ մի հարց չի ուղղում Մոսկվային, հետաքրքրվելով, թե ի՞նչ էր անում Վարդանյանը Արցախում, ինչպես հատկապես նա հայտնվեց Բաքվի բանտում եւ ի՞նչ եղան Ռուսաստանի երաշխիքները Արցախի համար։

f