Ինչպես Հովսաննա Վանատուրանցը իր պապիկի ժառանգությունը վերածեց նորաձևության բրենդի
Հովսաննա Պետրոսյանն իր ողջ գիտակից կյանքն անցկացրել է Արցախում, որտեղ ձևավորվել է նրա սերը հայկական մշակույթի և նորաձևության նկատմամբ։ Հագուստի մոդելավորող և ոճաբան լինելով՝ Հովսաննան դեռ վաղ հասակից առանձնացել է իր ստեղծագործական ներուժով։ «Միշտ էի ցանկանում ստեղծել իմ բրենդը», – ասում է նա, – «իսկ երբ պահը հասունացավ, ես որոշեցի իրականացնել այդ նպատակս»։
Պապիկը, որի անունով էլ կոչվեց բրենդը՝ «Վանատուրանց», առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում Հովսաննայի կյանքում։ «Նա ինձ առանձնացնում էր մյուս թոռներից, միշտ ուշադրության կենտրոնում էի», – հիշում է նա։ Ցավոք, Հովսաննայի պապիկը մահացավ առաջին արցախյան պատերազմի տարիներին, երբ տուն էր վերադառնում։ Այս կորուստը խոր հետք է թողել նրա վրա և դարձել հիմք՝ բրենդի ստեղծման համար։ Հովսաննան որոշեց ոչ միայն պահել պապիկի անունը հիշողության մեջ, այլև փոխանցել այն բրենդի միջոցով՝ որպես մշակութային ժառանգություն։
«Վանատուրանց» բրենդի առաջին հավաքածուները ներշնչված էին հայկական ազգային տարազներից և ոչ միայն։ «Հայկականությունը, մեր գույներն ու նախշերը շատ հարազատ են ինձ», – ասում է Հովսաննան։ «Ես մանկուց սիրել եմ էթնիկան, տարազների մեջ գտա ինքս ինձ»։ Այդ յուրահատուկ գույներն ու ձևերը դիզայներին հնարավորություն տվեցին ստեղծել մի բան, որն արտահայտում է ոչ միայն նրա անձնական ոճը, այլև՝ հայկական ինքնության հանդեպ նրա սերը։
Սակայն բրենդի զարգացման ճանապարհը հեշտ չի եղել։ Հովսաննան նախապես պլանավորում էր սկսել իր գործը 2020 թվականին, բայց այդ տարվա սեպտեմբերին սկսված պատերազմը փոխեց բոլոր ծրագրերը։ «2020թ. արտադրած հուդիների առաջին հավաքածուն ուղարկեցի սահմանապահ զինվորների համար։ Հետո երկար ժամանակ չէի ուցում ստեղծագործել։ Մարդիկ կորցրել էին իրենց հարազատներին, ցավը թարմ էր, և, բնականաբար, դժվար էր այդ ժամանակ ինչ-որ նոր բան նախաձեռնել», – հիշում է նա։ Այդուհանդերձ, 2021-ին Հովսաննան սկսեց իր գործը, հաղթահարելով այն դժվարությունները, որոնց բախվել էր՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական մակարդակով։
Չնայած պատերազմից հետո առաջացած դժվարություններին, «Վանատուրանց» բրենդը գրավեց իր առաջին հաճախորդներին։ Հովսաննան նշում է, որ հետաքրքրություն կար, և իրացման հետ կապված խնդիրներ չկային։ Մարդիկ գնահատում էին հայկական ոգով ստեղծված, բարդ ու գունագեղ դիզայնով հագուստները, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը։
Ավելին, բրենդը շարունակում է անընդհատ աճել և զարգանալ։ «Վանատուրանց»-ը կայուն կերպով ընդլայնում է իր տեսականին, ավելացնելով նոր գաղափարներ, որոնք համադրում են ազգային ոճը և ժամանակակից միտումները։ Հովսաննան համոզված է, որ իր աշխատանքը պետք է լինի ոչ միայն ստեղծագործական, այլև կիրառելի՝ հարմար առօրյա օգտագործման համար, և դա է ուղղությունը, որով նա շարունակում է զարգացնել բրենդը։
Այնուամենայնիվ, բրենդի հետագա զարգացումը պահանջում է ոչ միայն ստեղծագործական աշխատանք, այլև ներդրումներ և համագործակցություններ։ «Կենտրոնում տարածք վարձելը մեծ արժեք ունի», – ասում է Հովսաննան։ «Սկսնակ դիզայների համար դա լուրջ մարտահրավեր է, և առանց աջակցության բարդ է այն հաղթահարել»։ Հովսաննան փնտրում է գործընկերներ և համատեղ նախագծեր, որոնք կօգնեն բրենդին ընդլայնվել և հասնել ավելի լայն լսարանի։
«Համագործակցության պրոյեկտ ունենալը շատ հարմար կլիներ», – նշում է նա։ «Դա ոչ միայն կօգնի բրենդին աճել, այլև կտա նոր հնարավորություններ՝ ստեղծագործելու և հայկական ոճը տարածելու ավելի մեծ շրջանակներում»։ Հովսաննայի խոսքով, այսպիսի նախագծերը նաև կնպաստեն հայկական մշակույթի և դրա պատմական ժառանգության ճանաչելիությանը միջազգային հարթակներում։
Հովսաննայի պատմությունը՝ հայրենիքից բաժանման և նորարարության միջոցով այն պահելու փորձը, հստակ ցույց է տալիս, թե ինչպես կարող է նորաձևությունը դառնալ ոչ միայն արտահայտման միջոց, այլև ինքնության և հիշողությունների պահպանման գործիք։ «Վանատուրանց» բրենդը շարունակում է մնալ յուրահատուկ հարթակ, որտեղ դիզայները ոչ միայն արտահայտում է իր ոճը, այլև փոխանցում է իր ընտանիքի և իր հայրենիքի պատմությունը։ Եվ ամենակարևորը, բրենդը գտնվում է անընդհատ աճի և զարգացման փուլում՝ պատրաստ լինելով նվաճել նոր շուկաներ և հարթակներ։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: