Թուրքիան պատրաստվում է զբաղեցնել Իրանի «տեղը»

  • 18:02 03.10.2024

Թեհրանը ամեն կերպ ցանկանում է ստանալ միջուկային երկրի կարգավիճակ, դրա համար էլ Իրանի միջուկային ծրագիրը պետք է ոչնչացվի՝  հետագայում լայնածավալ պատերազմ թույլ չտալու համար։

Այսպես է ասում The Sunday Telegraph-ի լրագրող Ալիստեր Հիթը: Նա հիշեցրել է, որ Իսրայելը կարող է փրկել աշխարհը «քաղցկեղային ուռուցքից», բայց միայնակ չի կարող հաղթահարել: Լրագրողը կոչ է անում փոխել ռեժիմն Իրանում, որպեսզի աշխարհի մյուս երկրներն ապահով ապրեն։ Այստեղ անհրաժեշտ է արեւմտյան աջակցությունը, գրում է լրագրողը։

Այժմ Արևմուտքում խոսում են առաջիկա երկու քայլերի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին և ռեժիմի փոփոխության։ Իսրայելը և նրա կողմնակիցները փորձում են դա անել մինչեւ նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ ընտրությունները։ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ եթե ինքը չլինի ԱՄՆ նախագահը, ապա 2 տարի հետո Իսրայել չի լինի։ Նա չի ասել, որ եթե ինքը դառնա նախագահ, ապա երկու տարի հետո Իրան չի լինի։

Իսրայելը չի ​​դիտարկում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, հայտնում է FT-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ դեմ կլինի նման հարձակմանը։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը կշռադատում է Իրանին արձագանքելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ հրթիռային կայանների կամ նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումներ:

Աշխարհը պատրաստվում է հավանական արդյունքի, երբ ավերիչ հարվածից հետո Իրանում կարող են սկսվել անկարգություններ և ռեժիմի փոփոխություն, թեև Իրանի ներկայիս կառավարությունը հակված է Արևմուտքի հետ գործարքին: Սակայն Թուրքիան Իսրայելի, Ռուսաստանի և այլոց հետ ամեն ինչ անում է, որպեսզի ԱՄՆ-ն ու Իրանը գործարք չկնքեն։ Թուրքիան վաղուց է պատրաստվում զբաղեցնել Իրանի թողած տեղը Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Իզուր չէ, որ Էրդողանն ասում է, որ Անթալիան կլինի Իսրայելի հաջորդ թիրախը. նա հող է նախապատրաստում «իրանական գոտի» ներխուժման համար։

Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը պնդում է, որ իր մահից մի քանի ժամ առաջ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան համաձայնել է Իսրայելի հետ զինադադարի համաձայնագիր ստորագրել։ «Հեզբոլլահի հետ համաձայնության գալուց հետո մենք անմիջապես տեղեկացրել ենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին»,- ասել է Բու Հաբիբը։

Իրանի հակառակորդները ցանկանում են, որ նա լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնի, և «զարմանում» են, որ այդքան հարվածներից, այդ թվում Իրանի նախագահ Ռաիսիի «կասկածելի» մահից հետո Իրանը ռազմավարական զսպվածություն է ցուցաբերում։ Այս զսպվածությունը թույլ չի տալիս թաքնված անգղներին խայթել Իրանի ոտքը:

Տարածաշրջանի առճակատումը կազդի նաև Հայկական լեռնաշխարհի վրա՝ իսրայելական բազաները տեղակայված են Արցախի օկուպացված տարածքներում, և այնտեղից, ճիշտ պահին, կարող է հարված հասցնել Սյունիքին, որն Իրանն անվանում է իր կարմիր գիծը։