Նա իր պատկերացնումներն ուներ՝ ալ կարմիր կակաչներ էր աճեցնում

  • 18:20 03.10.2024

Նկարում Վովա դեդոն է, իր ամբողջ կյանքն ապրում էր Արցախի Շոշ գյուղում: Ինչպես համագյուղացիներն են պատմում, մինչ նրանք զբաղված էին գյուղական կյանքով` հող էին մշակում, անասնապահությամբ զբաղվում, Վովա դեդոն իր գյուղական կյանքը այլ ձև էր պատկերացնում` միայն ալ կարմիր կակաչներ էր աճեցնում:

Կակաչները նա խնամում էր կնոջ` Սուսաննայի հետ, իսկ պարտեզի կենտրոնում մեղվի փեթակներ էին, որոնք նեկտար հավաքելու խնդիր չունեին, ինչի հաշվին մաքուր մեղր էին ստանում:

Վովա դեդոն և նրա պարտեզը շատ համագյուղացիների համար խորհրդանիշ էին դարձել:

Տիկին Նաիրայի դպրոցի ճանապարհը անցնում էր հենց Վովա դեդոյի պարտեզի մոտով, որտեղ նա գրեթե ամեն օր կանգնում և փորձում էր հաշվել կակաչների կոկոնները: Պարզվեց՝ կոկոններ հաշվելը հեշտ գործ չէ, նրանք այնքան շատ էին, որ երբեմն տիկին Նաիրան նույնիսկ դասից էր ուշանում:

Վերջին տարիներին նա Վովա դեդոյին հանդիպում էր Ստեփանակերտում կակաչներ և նարգիզներ վաճառելիս` նույն բարի ժպիտով, որը մնացել է տիկին Նաիրայի հիշողության մեջ: Ամեն անգամ տեսնելուց հիշում էր Շոշը, մանկության տարինեը, հայրիկի և Վովա դեդոյի զրույցը` “Հարևան ջան, դու քո երեխաների համար ծառ ու տունկ ես աճեցրել, իսկ ես կակաչներ իմ երեխաների համար…”:

Վովա դեդոն իր կարմիր կակաչներով ոչ միայն Շոշի, այլ նաև ամբողջ Ստեփանակերտի խորհրդանիշն էր` պարզ ժպիտով և Ստեփանակերտի կոլորիտով:

Քրիստինա Ալավերդյան

f