Դատ․ “Սկսած 1989 թ․ որոշումից, բոլոր իրավական հիմքերը կան, որ արցախցիները հանդիսանում են ՀՀ քաղաքացի”

  • 09:13 04.10.2024

Վարչական դատարանում երեկ տեղի ունեցավ Արցախի բնակիչ Մերի Ղարայանի վերաբերյալ գործով հերթական նիստը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարչական դատարան ներկայացված հայցի հիմքում այն պահանջն է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել հայցվոր Մերի Ղարայանին։

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում 120 հազար արցախցի բռնի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։

Մերժման հիմքն այն է, որ Մերի Ղարայանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, եւ կառավարության որոշման շրջանակներում նրան ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են։

Բռնի տեղահանված Մերի Ղարայանն ու նրա փաստաբանը պնդում են, որ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր, այդ դեպքում ինչո՞ւ է արցախցիների մեծամասնությանը տրամադրվել փախստականի կարգավիճակ, իսկ Մերի Ղարայանի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվել։

Նույնաբովանդակ հայց Վարչական դատարան ներկայացրել է նաեւ արցախցի Անուշ Ալեքսանյանը, նրան եւս փախստականի կարգավիճակ չեն տվել՝ պատճառաբանելով, թե ՀՀ քացաքացի է։

Արցախցիները միավորվել են այս հայցի շուրջը եւ դատարանում շեշտադրում են 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը։ Արցախցի Արթուր Ահանյանը դատարանում ասաց, որ 1989 թվականի որոշումը չեղարկված չէ, մինչ օրս ուժի մեջ է, եւ ըստ այդ որոշման՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են։

«Ես հանդիսանում եմ այն անձանցից մեկը, ում, թույլ չտալով հատել սահմանը, սահմանափակելով ելումուտը, ստիպել են դիմել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն եւ ստանալ ժամանակավոր պաշտանության վկայական, չնայած, որ ես ունեմ ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հայցվոր կողմն իր հայցի հիմքում դրել է այն փաստը, որ ԼՂՀ բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։ Եվ, ըստ հայցվոր կողմի, հենց այդ հանգամանքն է հանդիսանում առանցքային թեմա դատական վեճում»,- դատարանում ասաց Արթուր Ահանյանը։

Նա նշեց, որ հայցադիմումում հղում է արվում ներկայումս իրավական ուժ ունեցող եւ գործող Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի 1989 թվականին դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման երրորդ կետին, համաձայն որի՝ ԼՂ բնակչության վրա տարածվում են հայկակայն ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները։ «Այսինքն՝ ԼՂ քաղաքացիներն այս որոշմամբ ճանաչվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր գտնվել են ՀՀ պաշտպանությա տակ։ Այս տրամաբանությունը հանգեցնում է այն հետեւության, որ ԼՂՀ բոլոր բնակիչները համարվել ու համարվում են ՀՀ քաղաքացիներ»,- ասաց նա։

Արցախցի Մարատ Եգանյանի խոսքով՝ բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացի են։ «Մեր իրավունքները փորձում են ոտնահարել եւ ոտնահարում են, մարդկանց միջեւ տարբերակում են դնում, որոշներին ասում են՝ ՀՀ քաղաքացի եք, որոշներին ասում են՝ ՀՀ քաղաքացի չեք։ Բայց թե ինչ հիմքով են դա անում, կա՞ նման օրենք, այս հարցերին դեռեւս դատարանում պատասխան չստացանք։ Սկսած 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից, բոլոր իրավական հիմքերը կան, որ Արցախից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները հանդիսանում են ՀՀ քաղաքացի»,- նշեց Մարատ Եգանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

f