Հայաստանը Ֆրանսիային հեղափոխական համագործակցություն է առաջարկել. Իսկ Ռուսաստա՞նը

  • 20:32 04.10.2024

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետի հետ հանդիպմանը հաստատել է, որ շատ է կարևորում ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում։ Նա ասել է, որ հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։ 

Եթե ​​սա պարզապես հռչակագիր չէ, ապա ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը կարող է հեղափոխական լինել և փոխել աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում։ Մասնավորապես, դա վերաբերում է ատոմային էներգիային ու ճանապարհաշինությանը։

Չնայած Ֆրանսիայի անլուրջ «օծանելիքային» կերպարին, նա ատոմային էներգիայի, արագընթաց երկաթուղու և հրթիռային արտադրության համաշխարհային առաջատարն է:

Հայաստանի համագործակցությունը մի երկրի հետ, որը ատոմային էներգիայի մասնաբաժինով աշխարհում առաջինն է, և նրա ռեակտորները համարվում են ամենաառաջադեմը, կարող է օգնել Հայաստանին լուծել Մեծամորի ատոմակայանի հարցը և ապահովել իրեն էներգիայով։

Արագընթաց երկաթուղիների հետ կապված՝ Ֆրանսիայի հետ համագործակցությունը կարող է թույլ տալ Հայաստանին դառնալ տարածաշրջանային տրանսպորտային առաջատար։

2008 թվականի փետրվարի 13-ին՝ նախագահական ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ առաջ, հայկական երկաթուղիները կասկածելի կերպով փոխանցվեցին Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը։ Առանց մրցույթի և ակնհայտ խախտումներով փոխանցման ընթացակարգը հնարավորություն կտար վերանայել գործարքը, եթե ՀՀ կառավարությունը նման ցանկություն ունենար։

Սակայն 6 տարվա կառավարման ընթացքում Հայաստանի իշխանությունը, դիրքավորվելով որպես «արևմտամետ» իշխանություն, չի վերականգնել նախկին իշխանությունների կողմից Ռուսաստանին փոխանցված հայկական էներգետիկայի, տրանսպորտի և այլ ենթակառուցվածքների ազգային իրավունքները։ Դա վերաբերում է երկաթուղիներին, գազատարներին, ատոմակայաններին և բազմաթիվ այլ ենթակառուցվածքների։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը նախընտրում է բռնագրավել անցանկալի պաշտոնյաների ապօրինի ձեռք բերված ունեցվածքը։

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը չի վերանայում  նախկին իշխանությունների որոշումները հայկական ակտիվները Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ, որոնք ակնհայտորեն քաղաքական կոռուպցիայի տարրեր են պարունակում։ Ուստի պարզ չէ, թե այս ֆոնին ինչպես է հնարավոր համագործակցությունը Ֆրանսիայի հետ միջուկային էներգետիկայի կամ երկաթուղու ոլորտում։

f