Բենիամինի մարմինն ամփոփված է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Այսօր նրա հարազատները չգիտեն՝ որտեղ ծաղիկներ խոնարհեն:
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Բենիամին Արթուրի Պետրոսյանի հիշատակին Ասկերանի շրջանի Ռև համայնքում հուշաքար-հուշաղբյուր էր կառուցվել, որ պիտի սրբատեղի դառնար մարդկանց համար։ Բացման արարողությանը հոծ բազմություն էր հավաքվել: Հայրը՝ Արթուր Պետրոսյանն էր նախաձեռնել ու իր միջոցներով կառուցել հուշաքարը, իսկ միջոցառումը կազմակերպել էին Արցախի պահեստազորի սպաների միությունը և Ծաղկաշատի դպրոցը։ 2021-ի աշնանն էր դա: Այդ ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ուղիղ 2 տարի հետո լրիվությամբ կհայաթափվի Արցախը և մեր բոլոր սրբությունները կմնան այնտեղ:
Բենիամին Արթուրի Պետրոսյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 22-ին Ստեփանակերտ քաղաքում։ Հետո ընտանիքը տեղափոխվել է Մարտակերտ, քանի որ նրա հայրը՝ Արթուրը, զինվորական էր։ Դպրոցն ավարտելուց հետո Բենիամինն ուսումը շարունակել է <<Մեսրոպ Մաշտոց>> համալսարանի իրավագիտության բաժնում։
2007-2009 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության ՊԲ շարքերում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում։ Առաջին իսկ վայրկյանից նա Մարտակերտի շրջանի առաջնագծում էր, մասնակցել է նաև Թալիշի թեժ մարտերին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի լուրն առնելուն պես Բենիամինն ընդգրկվել է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան գումարտակում, մասնակցել Մարտակերտի և Մատաղիսի պաշտպանությանը, այնուհետև նա ջոկատի մի մասի հետ տեղափոխվել է Շեխեր գյուղի հատվածը։ Ընկերները պատմում են, որ Բենիամինը կռվում էր անձնվիրաբար, չէր երկնչում թշնամուց։ Նա իր պահվածքով ուժ էր տալիս զինվորներին։ Ճակատագիրը, սակայն, երիտասարդի հանդեպ բարյացակամ չէր տրամադրվել։ Նոյեմբերի 1-ին՝ Կարմիր Շուկայի հատվածում, նահատակվում է հերոս հայորդին․ վերադառնում էր մարտական հերթապահությունից։
Բենիամինի մարմինն ամփոփված է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։
Այսօր նրա հարազատները չգիտեն, որտեղ ծաղիկներ խոնարհեն։ Բազմապատկված ցավով ապրում են որդուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Նրանց միակ սփոփանքը զավակի լուսանկարներն են, որոնցից յուրաքանչյուրը յուրովի մի պատմություն է ծնողների համար, իսկ հետմահու պարգևատրված <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանը հպարտություն է բերում նրանց։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: