“Սրբազան պայքարի” մասնակիցները պահանջում են իրագործե՞լ Միացումի մասին 1989 թ․ որոշումը

  • 09:09 07.10.2024

Երեկ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հանրահավաքի մասնակիցները գնացել են Սահմանադրական դատարան՝ ամոթանք տալու ՍԴ դատավորներին իրենց կայացրած վերջին որոշման համար:

Թե Սահմանադրական դատարանի որոշման որ մասն էր համարվում ամոթալի, չի հայտարարվել։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է՝ քանի որ Անկախության հռչակագրում որպես Հայաստանի Հանրապետության հիմք հիշատակված Հայաստանի եւ Արցախի միավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործման ուղղված ոչ մի հոդված չկա Սահմանադրության մեջ, ուրեմն, այն ուժի մեջ չէ։

Եթե “Սրբազան պայքարի” մասնակիցները համաձայն չեն Սահմանադրական դատարանի որոշման հետ, ուրեմն, նրանք համարում են, որ 1989 թ․ որոշումը ուժի մեջ է։

Դրա մասին ինչ-ինչ պատճառներով բացահայտ չի հայտարարվում, նաեւ պահանջ չի ներկայացվում այդ որոշումը իրագործել։

Ի դեպ, Բագրատ սրբազանը կոչ է արել չորեքշաբթի՝ ժամը 12-00-ին, գալ դատախազության առջև, “որովհետև մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու”։

«Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքի։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»,- ասել է նա։

Կրկին դեռ պարզ չէ, ինչ գործերով են դատի տրվել պաշտոնյաները։