Արմենին գնդակահարել են գյուղի կենտրոնում․ ինչ է պատմում եղբայրը

  • 13:20 07.10.2024

Forrights

Գետավանցի Արմենը գնդակահարվեց գյուղի կենտրոնում՝ հայրենիքի համար զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի պղծումը թույլ չտալու ընթացքում։ Ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերի 19-ին էին Գետավան մտել ու անցել հուշարձանը քանդելու գործին։ 50-ամյա անզեն Արմենը նկատել էր ու վազել հուշարձանի ուղղությամբ։

«Թշնամին մտել է գյուղ, եկել են, որ հուշարձանը քանդեն։ Գնացել է, որ չթողնի։ Նա ռուսների մոտ է եղել, դուրս է եկել, պատի վրայով թռել է ու հենց այդ պահին խփել են։ Վազելով, որ իրենց կողմ է գնացել այդ պահին իրանց մոտ ինչ զենք եղել է՝ դրանով խփել են։ Ասում են, որ տեխնիկայից են կրակել, ռուսին խնդրեցի՝ ասացի մի հատ նկար ուղարկի, ասաց չեմ կարող, հեռախոսս ստուգում են»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Արմենի եղբայրը՝ Հարութ Մարտիրոսյանը։

Արմենը հայրենասեր էր, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, բացի դա հերոսամարտի հուշարձանի պատվանդանին՝ մյուս գետավանցիների կողքին, նաև մյուս եղբոր՝ Պավելի լուսանկարն էր դրված։ Պավելը 17 տարեկանում է զոհվել՝ Օմարում։ Հարութն ասում է, որ Արմենը չէր կարող նայել, թե ինչպես են քանդում  հերոս տղաների հիշատակին դրված հուշարձանը։

Արմենը կյանքը տվեց, բայց թշնամին իր «գործն» ավարտին հասցրեց։ Ավելի ուշ հրապարակված ադրբեջանական կադրերում ո՛չ խաչքարով հուշարձանն է երևում, ո՛չ տղաների լուսանկարները, իսկ պատվանդանից մի քանի քար է մնացել։

Արմենը հրաժարվել է Գետավանը լքել, երբ թշնամու զորքերը մոտեցել են գյուղին, հարազատներին ճանապարհել է հարևան Դրմբոն գյուղ, իսկ ինքը մնացել այնտեղ։ «Կնոջս, երեխաներիս, իր տղային ուղարկել է, ասել է՝ ես գալու եմ։ Ինքը ռուսների մոտ է եղել, մեր գյուղում ռուսական խաղաղապահների ռազմաբազա կար»,- նշեց Հարութը։

Արմենը պատմության ուսուցիչ էր, մինչև 2012 թվականը դասավանդել է դպրոցում։ 90-ականների պատերազմի մասնակից է եղել, վիրավորումներ է ստացել, այլևս զենք չէին տալիս՝ առողջական խնդիրների պատճառով։ Հարութը հիշում է նրա խոսքերը սեպտեմբերյան ինքնապաշտպանության ժամանակ, երբ բոլորին զենք են տվել, իսկ իրեն՝ ոչ։ «Զենք է ուզել, չեն տվել, ասել է՝ դուք ավտոմատներդ ձեռքներիդ փախչելու եք, ես մնալու եմ։ Կանտուզիա ուներ, զենք չէին տալիս»։

Արմենի դին Գետավանից ռուսներն են հանել։ Նրան հուղարկավորել են Արցախում՝ հարազատներից որևէ մեկը ներկա չի եղել, իսկ գերեզմանի տեղը մոտավոր գիտեն, որին այցելելն էլ անհնարին է։

«Ռուսների հետ կապվեցի, ասացի՝ կարող եք դիակը հանել, բերել Հաթերք գյուղ, էն մյուս եղբայրս էլ այնտեղ էր ծառայում։ Հանել են, բերել, եղբայրս էլ այնտեղ չի եղել, բլոկադայի մեջ է եղել, իր ծառայակիցները հուղարկավորել են շտաբի մոտ»,-ասաց Հարութը՝ փաստելով, որ անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահները եղբորը չեն պաշտպանել։

«Չեմ կարող ասել, թե ռուսները խի չեն պաշտպանել։ Կարելի է ասել, որ ռուսն էլ սպիտակ թուրք է, բարեկամ ենք համարում, բայց թույլ են տվել, որ մեզ հալածեն։ Մենք նրանց վրա վստահ չէինք, որ մեզ կպաշտպանեին։ Նրանք մեզ վրա բիզնես էին անում, սիգարետ էին ծախում, մի պաչկա սիգարետը 4-5 հազար դրամ էին ծախում, այն էլ ադրբեջանական սիգարետ էր»։

Մարտակերտի շրջանի Գետավան գյուղը սեպտեմբերի 19-ի հարձակման առաջին ժամերից է ադրբեջանցիների թիրախում եղել։ Գյուղն արցախաադրբեջանական սահմանին է։  Մարտակերը սկսվում էր այս գյուղով՝ Շահումյանի շրջանի կողմից։

«Շահումյանի շրջանը, որ անցել էր ադրբեջանցիներին մեր գյուղը սահման էր դարձել։ Տանն էի, երբ կրակոցները սկսվեցին։  Ժողովրդի մոտ խուճապ էր, գյուղերին էին խփում, միայն պոստերը չէր»,-Forrights.am-ի հետ զրույցում ադրբեջանական ագրեսիայի օրերը հիշելով պատմում է գետավանցի Հարութ Մարտիրոսյանը։

«Դիրքերից վերադարձա տեսա, որ մեր հարևանի տան հայաթին են խփել։ Նույն օրը թշնամին մտել էր մեր գյուղ։ Պոստերով չեն եկել, ճանապարհով մտել են գյուղ։ Մենք իրենց մտնելուց մի քանի րոպե առաջ ենք հեռացել գյուղից։ Եկանք Դրմբոն՝ կողքի գյուղն էր, այնտեղից էլ եկանք Ստեփանակերտ»,-հիշում է արցախից բռնի տեղահանված Հարությը։

Նա և զինակիցները, երբ վերադարձել են Գետավան գյուղն արդեն դատարկված է եղել՝ կանանց և երեխաներին անվտանգության նկատառումներով հեռացրել էին։ «Իմ ընտանիքին կողքի գյուղի դպրոցի ապաստարանում եմ գտել, մինչև այդ լուր չունեի»։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում Գետավանում խառնաշփոթ է․ կադրերում երևում են շուռ տված ավտոմեքենաներ՝ վնասված կրակոցներից։ Նույն հետքերը կան նաև տների պատերին, կադրերում երևում է, թե ինչպես են գետավանցիների տների դռներն ու պատուհանները ջարդուփշուր արել։ Գյուղը դատարկ է։

Նարեկ Կիրակոսյան

f