Արցախից բռնի տեղահանված այն վերաբնակիչները, ովքեր տեղեկացված չեն եղել եւ չեն դիմել 2022 թվականին հաստատված բնակապահովման սերտիֆիկատի ծրագրից օգտվելու համար, կարող են դիմել եւ օգտվել ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին հաստատված բնակապահովման ծրագրից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանների գնման սերտիֆիկատների ծրագրից, քանի որ ժամանակին տեղեկացված չեն եղել ծրագրին դիմելու համար, առցանց դիմումը չեն լրացրել, եւ դիմումների լրացման ժամկետն անցնել էր։ Այս ընտանիքները զրկվել էին նաեւ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից՝ որպես բնակապահովման սերտիֆիկատի ծրագրի շահառուներ։ Նրանք հիմնականում Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանների բնակիչներն են։
Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք առաջին ծրագրից դուրս մնացած շահառուները կդիմե՞ն 2024 թվականին հաստատված բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ Նա ասաց, որ կառավարությունը որոշել է այս ընտանիքներին ճանաչել բնակապահովման նոր ծրագրի շահառու եւ ընդառաջել՝ առաջին փուլով լուծելու իրենց բնակարանային խնդիրը։
«Այդտեղ արդեն հետեւյալ խնդիրն է առաջանում՝ կարող է մեկ հոգանոց ընտանիքը գոհ չլինել, բայց բազմազավակ ընտանիքը գոհ կլինի։ Առաջին ծրագրով 10 մլն դրամ յուրաքանչյուր ընտանիքի էր հատկացվում, իսկ այս ծրագրով յուրաքանչյուրին 3-5 մլն դրամ է հատկացվելու։ Երեք եւ ավելի անձերից բաղկացած ընտանիքները գոհ կլինեն, իսկ փոքր ընտանիքները կբողոքեն, քանի որ այդ գումարով չեն կարողանա բնակարան ձեռք բերել»,- հավելեց Արմեն Չոմոյանը։ Նա նշեց, որ նախկին ծրագրով հատկացվող 10 մլն դրամ արժողությամբ սերտիֆիկատն էլ լիարժեք չէր լուծում արցախցիների խնդիրները, բայց մարդկանց մեծամասնությունը ստիպված օգտվել են ծրագրից։
Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված անձանց դժգոհություններին, որ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագիրը չի լուծում նրանց խնդիրները, Արմեն Չոմոյանն ասաց, որ ամենակարևոր խնդիրն այստեղ այն է, որ ծրագրի շահառու դառնալու ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը պարտադիր պահանջ է։ Իսկ արցախցիների մեծամասնությունը հրաժարվում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել՝ մի շարք խնդիրների պատճառով։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: