10 ամիս շարունակ 18-ամյա Աննան ավտովթարից հետո պայքարում է լիարժեք ապրելու համար

  • 19:05 09.10.2024

Արցախի Մարտունի քաղաքից է տեղահանվել Լիանա Աղաջանյանի ընտանիքը։ Երեք երեխաների մայր է, միայնակ է մեծացրել զավակներին։ Տեղահանվելուց հետո հաստատվել են Արմավիր քաղաքում։ Արցախյան վերջին պատերազմը, որի ժամանակ վիրավորվել է որդին, ու գաղթի դժոխային ճանապարհը վերջին փորձությունը չէին Աղաջանյանների համար։ Երեք ամիս հետո՝ դեկտեմբերի 29-ին, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ավտովթարի է ենթարկվել նրանց ավտոմեքենան, որի մեջ էին որդին ու դուստրը՝ Աննան։

Մայրը՝ տիկին Լիանան, չի կարողանում մոռանալ այդ չարաբաստիկ օրը, երբ քիչ էր մնացել կորցներ դստերը։ Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, սակայն ավելի քան 10 ամիս բժիշկներն ու վերականգնողական կենտրոնի մասնագետները պայքարում են նրա լիարժեք առողջության համար։ Թե ինչերի միջով է անցել արցախցի բռնատեղահանված ընտանիքը, դժվար է պատկերացնել։ Սակայն, ինչպես տիկին Լիանան է ասում, խոսքն ուժ ունի․ Աննան ոտքի կկանգնի։

-Ավտովթարից հետո առաջին վիրահատությունը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում է կատարվել։ Վթարի հետևանքով գլխի հեմատոմա էր ստացել։ Երկու ամիս մնացել է բժիշկների վերահսկողության տակ։ Հետո տեղափոխեցինք Արաբկիր ԲԿ, որտեղ մնաց 5 ամիս՝ ստանալով վերականգնողական բուժում, ապա պլաստիկ վիրահատության ենթարկվեց Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնում, որտեղից էլ աղջկաս տեղափոխեցին Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը։

2023-ի դեկտեմբերի վերջից մինչև այսօր մեր կյանքը հիվանդանոցներում է անցնում։ Սկզբից աղջկաս վիճակը շատ վատ էր։ Ամիսներ շարունակ մենք չգիտեինք, թե ինչ է սպասվում Աննային։ Եղել է մի շրջան, որ նա լրիվությամբ անհույս էր, սակայն այժմ, երբ վերականգնողական կենտրոնում է, դրական դինամիկա է նկատվում։ Չնայած դեռ չի քայլում, խոսում և ինքնուրույն չի կարողանում ուտել, սակայն մենք նկատում ենք, որ դեպի լավն է գնում։ Արդեն ճանաչում ու աչքերով արձագանքում է բոլորիս, ինչը մեծ հույս է ներշնչում։ Վերկանգնողական կենտրոնի բժիշկները թեև այս պահին ոչինչ չեն խոստանում, սակայն ասում են, որ մեծ հույսեր ունեն Աննայի ապաքինման հետ կապված։ Չգիտեմ՝ ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը սրտացավ մասնագետներին, որոնք աշխատում են դստերս հետ օրնիբուն։ Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ աղջիկս ողջ է և դեպի ապաքինում է գնում,-ասում է տիկին Լիանան։

Աննայի մայրը չի կորցնում հույսը, որ աղջիկը կվերականգնվի ու բնականոն կյանքի կվերադառնա։ Աղջկա 18 տարեկանը լրացել է հիվանդանոցում, որդին 21 տարեկան է, իսկ փոքր դուստրը՝ 15։ Ապրում են վարձավճարով, դեռևս աշխատանք չունեն։ Այս ողջ ընթացքում ֆինանսական մեծ դժվարություններ են կրել Աղաջանյանները։ Բուժման համար ծախսել են գրեթե բոլոր խնայողությունները։ Ծանոթ ու անծանոթ մարդիկ են օգնել․․․

-Մարտունի քաղաքի բնակիչ, 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհված 2 որդիների մայր տիկին Լիլիան, Մարտակերտից 2020-ին ամուսնուն ու որդուն կորցրած տիկին Ալլան են օգնության ձեռք մեկնել։ Ցավ տեսած մարդը կհասկանա դիմացինի դարդը։ Աշխարհն առանց բարի մարդկանց չէ։ Ես զգացել եմ, որ մենակ չեմ, և ինձ տված բարոյահոգեբանական օգնությունը օգնել է հաղթահարելու ընտանիքիս դժբախտությունը։ Աղջկաս կողքին էին իր ընկերները՝ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները, և նրանց աջակցությունը ուժ էր տալիս մեզ։ Շնորհակալ եմ։ Այսօր բոլորս ենք հայտնվել դժվարությունների մեջ և գտնվում ենք ծանր վիճակում։ Հավատում եմ, որ Աստծո զորությամբ ու բժիշկների շնորհիվ Աննան ոտքի կկանգնի։ Վերջին փուլում ենք․ Աստված մեծ է,- հուզմունքը չի կարողանում զսպել Լիանան։

Զրուցելով արցախցի կնոջ հետ՝ կրկին համոզվում ենք՝ այո՛, արցախցի կինը ուժեղ է, դիմացկուն։

Աննային մաղթենք առողջություն, և տա Աստված՝ գտնվեն բարի մարդիկ, որոնք անտարբեր չեն անցնի Աղաջանյանների ընտանիքին պատուհասած դժբախտության կողքով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f