Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր եզրույթը չի կիրառվում

  • 23:41 09.10.2024

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանից հնչող այն պահանջներին, որ Հայաստանի իշխանությունը պետք է պատժի Արցախյան առաջին պատերազմի հերոսներին։

«Մենք պետք է հասկանանք, որ մեր ցանկացած կառուցողական մոտեցմանն ի պատասխան Ադրբեջանը հերթական անհեթեթ, անընդունելի պահանջների շարանն է ներկայացնելու, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղությամբ»,- ասում է Այվազյանը։

Նրա խոսքով՝ Ալիեւը, նախքան մոսկովյան հանդիպումը, Արցախի օկուպացված տարածքներում հերթական պահանջները ներկայացրեց։ Այդ թվում էր եւ «ռազմական հանցագործներին» պատժելը, եւ Հայաստանին մեղադրեց «ցեղասպանություն» իրականացնելու մեջ, եւ խոսեց այսպես «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Պահանջ ներկայացրեց նաեւ, որ Հայաստանը պարտավոր է զինաթափվել ու չունենալ բանակ, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետության տարածք։ «Ինչքան էլ մենք փորձենք կառուցողական լինել, մենք պետք է խորապես գիտակցենք, որ մեր դիմաց գտնվում է ոչ թե հակառակորդ, ոչ թե հարեւան, այլ անհաշտ թշնամի, որը մեր պետականության իսպառ ոչնչացումն է տենչում»,- հավելեց Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից վճարված լրատվամիջոցները եւ վերլուծաբանները Հայաստանի զավթված պատմաշակութային հուշարձանները ներկայացնում են որպես «աղվանական» կամ էլ «Ադրբեջանական պատմական հուշարձաններ»։ «Մենք պետք է հաշվի առնենք, որ իրենք ո՛չ պատիվ ունեն, ո՛չ էլ ամոթ, իրենց համար գոյություն չունի պատմության վերաբերյալ որեւէ սահմանափակում։ Իսկ պատմությունը եւ կրոնը բռնապետ Ալիեւի նացիստական ձեռքերում ընդամենը գործիք է՝ նորանոր պահանջներ ներկայացնելու Հայաստանի Հանրապետությանը եւ մեղադրել Հայաստանին այն բոլոր մեղքերի մեջ, որոնց մեջ Ադրբեջանն է մեղավոր՝ իր արհեստածին ստեղծումից ի վեր։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենք պատկերացնում այդ խաղաղության դարաշրջանը»,- հավելեց նա։

Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի իշխանությունները չեն դիմում միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների՝ Գրիգորի Այվազյանն ասաց․ «Հայաստանի կողմից հնչում է խաղաղասիրական առաջարկ՝ հետ կանչել արդեն իսկ միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերը։ Նաեւ խոսույթի մեջ ՀՀ իշխանություններն օգտագործում են այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին խոսույթը։ Հենց այստեղ է մեծագույն սխալը։ Եթե մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, Ադրբեջանը առիթավորվելով ասում է՝ «30 տարիների ընթացքում ձեր զորքն ի՞նչ է արել Ադրբեջանի տարածքում»։ Արդյոք սրանով մենք քարտ բլանշ չենք տալի՞ս թշնամուն՝ մեր դեմ տարբեր ատյաններ հայցեր ներկայացնել։ Մենք պետք է խաղաղության պայմանագիր կոչվածից հնարավորինս խուսափենք, որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր եզրույթը չի կիրառվում։ Այստեղ բավական նուրբ գիծ կա, որը չի կարելի հատել ոչ մի պարագայում։ Ես հույս ունեմ, որ այս հարցի լրջության խորը գիտակցումը կգերակայի մեր քաղաքական դաշտում, եւ մենք չենք գնա ադրբեջանական սադրանքի հետեւից, այլ կպաշտպանենք մեր պետական ու ազգային շահերը»։

Ռոզա Հովհաննիսյան

f