Երեկ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ պարզեցվել է Արցախից բերված մեքենաների հաշվառման կարգը։ Այժմ գրանցման համար գույքահարկի պարտքերի վճարման տեղեկանք չեն պահանջի։
Մեկ տարի պահանջվեց, որ ՀՀ կառավարությունն իր վերաբերմունքը “փոխի”, թեև տեղահանությունից անմիջապես հետո այս հարցը հեշտությամբ կարող էր լուծվել։ Դրա համար կար առնվազն երկու ճանապարհ՝ պահպանել Արցախի բնակիչների հարկային վճարումների վերաբերյալ տվյալները և դրանք փոխանցել Հայաստանի հարկային ծառայությանը, որը կարող էր տեղեկանք տրամադրել։ Երկրորդը՝ ճանաչել Արցախի տեղական իշխանությունների՝ «զրոյական» վկայականներ տալու իրավունքը, որոնց հիման վրա կարելի է գրանցել արցախյան մեքենան։
Դա մարդավարի կլիներ։ 2020-ի պատերազմը, 10-ամսյա շրջափակումը, ագրեսիան, հազարամյա հողի գրավումը, տեղահանությունը վերապրած մարդկանց կարելի էր այլ կերպ վերաբերվել։ Արցախցիների ուրախության արցունքները, ում հայերը դիմավորեցին Հակարի կամրջից հետո՝ հացով, ջրով, որոնց շատերը անվճար տրամադրեցին իրենց բնակարանները, ապահովեցին ամեն ինչով և մինչ օրս աջակցություն են ցուցաբերում, շուտով փոխվեցին դառնության արցունքներով:
Հայաստանի իշխանությունն այնպիսի եռանդով սկսեց ջնջել Արցախի և արցախցիների «կենսագրությունը», այնքան խոչընդոտներ ու պատնեշներ կառուցեց, որ արցախցիներն ուղղակի ապշեցին։ Ի՞նչ են արել նրանք, որ արժանանան այս վերաբերմունքին։ Նրանք ապրել են իրենց հողում, արարել, իրենց լավագույն որդիների արյան գնով նվաճել ազատությունը, դիմացել բոլոր դժվարություններին, ապրել Հայաստանի օրենքներով ավելի քան 30 տարի՝ նույնիսկ աշխատելու և ծառայելու թույլտվություն ստանալով Երևանից։ Հայաստանում ու Արցախում բոլոր համակարգերը փոխկապակցված էին, և հանկարծ պարզվեց, որ այս ամենը ֆիկցիա էր, որ Երևանում տեղահանվելուց հետո դեռ պետք է ապացուցես, որ սովորել ես, ծառայել, աշխատել, հարկեր վճարել, թոշակ ես ստացել, ՀՀ անձնագիր ունեցել, որն ամբողջ աշխարհում առայսօր ճանաչվում է։
Այս վերաբերմունքից շոկը չի վերանում, քանի որ ամբողջ տարվա ընթացքում այն սնվել է բազմաթիվ «հիշեցումներով». ՀՀ խորհրդարանը կասկածեց, որ Արցախի ԱԱԾ աշխատաքիցները “ագենտ չեն”, արցախյան քաղաքապետին,որը տվել են «զրոյական» տեղեկանք, ձերբակալեցին, առգրավեցին Արցախի նախագահի մեքենան։ Տեղահանումից հետո կենսաթոշակ ստանալու համար դիմողների՝ Արցախում իրենց աշխատանքի տարիները չեն «հաշվում» (բացառությամբ որոշ ոլորտների, օրինակ՝ կրթական համակարգի, որտեղ աշխատանքային ստաժը հաստատվում է)։
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռ նախաքննության փուլում է, ասաց նրա պաշտպան Ռոման Երիցյանը։ Սարգսյանը գտնվում է վարչական հսկողության տակ՝ խիստ սահմանափակումներով։ Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախության մեջ՝ հենց նշված տեղեկանքների հետ կապված։
Հայաստանի կառավարությունն այնքան հիվանդագին է վերաբերվում Արցախի պետական և քաղաքային մարմիններին Հայաստանում, որ դա արդեն կլինիկա է հիշեցնում։ Հայաստանի պետական համակարգում ոչինչ չպետք է հիշեցնի Արցախի մասին, հետևաբար կառավարությունը չի օգտագործում Արցախի էլեկտրոնային արխիվները, տվյալները, միևնույն ժամանակ, չի ընդունում արցախյան համայնքների ղեկավարների կողմից տրված տեղեկանքները։ Այդ իսկ պատճառով որոշվել է «պարզեցնել» գրանցումը և չպահանջել «զրոյական վկայականներ»։ Որ ոչինչ չհիշեցնի Արցախի մասին։
Թեեւ ամեն ինչ կարելի էր մարդավարի անել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: