COP29 ընդառաջ․ ակցիաներ ՄԱԿ գրասենյակի, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատների մոտ

  • 13:20 11.10.2024

Հայ գերիների եւ պատանդառված անձանց վերադարձի հարցով պետք է լինի պետական քաղաքականություն, միջազգային մակարդակում հարցը բարձրացնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ ակցիաներ են անցկացվում, եւ նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որքան մոտենում է համաժողովի օրը, այնքան միջազգային դաշտում որոշակի ակտիվություն է նկատվում այս հարցով։ «Այսինքն՝ սա ժամանակահատված է, որ մենք պետք է փորձենք պարտադրել, որ Ադրբեջանը կատարի մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքների միջազգային դրույթները։ Հակառակ պարագայում, այս հարցերի մասին չխոսելու դեպքում, Ադրբեջանն ավելի կոգեւորվի անպատժելիությունից։ Սա այն թեման է, որի մասին իրավունք չունենք չխոսել»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց հայ գերիների վերադարձի մասին, Արցախի ՄԻՊ-ն ասաց՝ թե ինչու չխոսեց, դա պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին։ «Բայց մենք առիթ ունեցել ենք ասելու, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը կարեւոր առիթ էր եւս մեկ անգամ բացառապես հումանիտար այս հարցը բարձրաձայնելու եւ միջազգային ամենաբարձր ատյանից եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Մյուս կողմից էլ տեսանք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բանաձեւերում արտահայտվեց գերիների, պատանդների եւ անհետ կորածների ճակատագրի պարզման հարցը։ Եվ նաեւ դրանով է պայմանավորված, որ մեր միջոցառման հասցեատերերի ցանկում ընդգրկել են ՀՀ ԱԳՆ-ին։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի՝ հատկապես նոյեմբերին ընդառաջ միջազգային հարթակում այս հարցը առավել բարձր հնչեցնելու համար»,- հավելեց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին եւ պատանդառված անձանց։ Սա հիմնական պահանջն է, բայց այսօր հանձնվող նամակներում արտահանված են նաեւ Արցախի ժողովրդին հուզող այլ հարցեր, մասնավորապես, վերադարձի իրավունքը միջազգային բանակցային օրակարգ դարձնելու եւ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պահանջները։

f