Բաղունց․ մեր պահանջները չեն համընկնում ՀՀ իշխանությունների դիրքորոշման հետ

  • 13:31 11.10.2024

Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների պերմանենտ զիջումների քաղաքականությունը ոչ մի դեպքում չի բերի շատ կամ քիչ արժանապատիվ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Անդրադառնալով Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին՝ Բաղունցն ասաց, որ այստեղ էլ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին։ Եվ Հայաստանի իշխանությունների կողմից կոշտ պահանջների բացակայությունը նպաստում է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները գնալով նոր պահանջներ են ներկայացնում, մասնավորապես նրանց կողմից պահանջներ են հնչում դատապարտել Արցախյան շարժման, Ղարաբաղյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներին։

Բաղունցը նաեւ ասաց, որ իրենց պահանջները չեն համընկնում ՀՀ իշխանությունների դիրքորոշման հետ, դրանով նվազում է ազդեցությունը ադրբեջանական կողմի վրա։ Ըստ նրա՝ չունենալով հենարան ՀՀ իշխանությունների կողմից, միջազգային հանրության աջակցությունն են ակնկալում այս հարցում։

Բաղունցը հավելեց, որ միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի իշխանությունները չեն ճանաչում Արցախի պետական ինստիտուտները, ինչո՞վ է դա խանգարում նրանց, Բաղունցն ասաց. «Ալեն Սիմոնյանի նմանատիպ հայտարարությանը ես արդեն արձագանքել եմ՝ հայտարարելով, որ Ազգային ժողովի եւ Արցախի իշխանությունների մահվան լուրերը չափազանցված են։ Այնուամենայնիվ կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումները թե Արցախի իշխանությունների նկատմամբ, թե արցախահայության արդարացի պահանջների նկատմամբ, թե իրեն ակտիվ մասնակցությունը պետք է ունենան արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի հարցով։ Գոնե այդքանով ՀՀ իշխանությունները պետք է իրենց դրսեւորեն հայամետ դիրքերից»։

f