Արտակ Բեգլարյանը եւ Արման Թաթոյանը Ֆրանսիայում կարեւոր հանդիպումներ են ունենում

  • 17:26 11.10.2024

«Մի քանի օրյա այցով Եվրոպայում ենք Arman Tatoyanի և Karnig Kerkonianի հետ միասին: Փարիզում արդեն հանդիպումներ ենք ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ: Մի քանի այլ կարևոր հանդիպումներ էլ ենք ունեցել, որոնք հրապարակման ենթակա չեն»:

Այդ մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Փարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խախտումներն ու պաշտպանության մեխանիզմները:

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 8-ին Փարիզում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ:

Հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոի, Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի, սենատոր Վալերի Բուայեի և այլ օրենսդիրների հետ:

Հանդիպումներին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցները Արցախում և Հայաստանում, մասնավորապես, քննարկելով`

  1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:
  2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:
  3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:
  4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը:

Ապացույցներով ներկայացվել են մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները (ունեզրկումներ, եկամուտ վաստակելու անհնարինություն, խմելու ջրից զրկելու փաստեր, կենդանական և բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն):

  1. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:
  2. Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու համար ադրբեջանական հետագա հանցանքները:

Հանդիպումների ավարտին պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի պատգամավորներին և սենատորներին աջակցության համար»:

f