Հարցված արցախցիների 52.8 տոկոսը ցանկանում է աշխատել ու ապրել Հայաստանում եւ չարտագաղթել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից իրականացրել է բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ներգրավել է կոնտակտային անձանց և իրավաբանների, ովքեր տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն և պրակտիկ աջակցություն բռնի տեղահանված անձանց՝ պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետության և հասանելիության գնահատման նպատակով։
Զուգահեռաբար Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից համակարգվող ծրագրի շրջանակներում «Հանրային հետազոտությունների առաջատար խումբ» կազմակերպության կողմից իրականացվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աշխատանքային իրավունքների և զբաղվածության վերաբերյալ երկփուլ հետազոտություն։
Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի ղեկավար Լիանա Բալյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները։
“Աշխատանքի հետ կապված ապագայի ի՞նչ պլաններ ունեք” հարցին հարցված արցախցիների 6.8 տոկոսն ասել է, որ պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, 7.6 տոկոսը՝ այլ երկրներ։ 12.8 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին, 19.5 տոկոսը ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ, իսկ 52.8 տոկոսն ասել եմ, որ պատրաստվում են աշխատել ու ապրել Հայաստանում։
Լիանա Բալյանն ասաց, որ եթե հարցը լիներ՝ ցանկանո՞ւմ են վերադառնալ Արցախ, արցախցիների 90 եւ ավելի տոկոսը միանշանակ կպատասխանեին՝ այո։ Բայց քանի որ հարցը հնչել է աշխատանքի հետ կապված ապագա պլանների մասին, նրանց մեծամասնությունը ցանկացել են մնալ ու աշխատել Հայաստանում։
ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց ասաց, որ ծրագրի նպատակների մեկն է հասնել պետական մարմինների աշխատանքի արդյունավետությանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: