Ազգային ժողովրդավարական բևեռի հայտարարությունը Կարսի պայմանագրի (13 հոկտեմբերի, 1921թ․) 103-րդ չարաղետ տարելիցի կապակցությամբ
2024 թ․ հոկտեմբերի 13-ին հայ ժողովուրդը տխրանշելու է Կարսի պայմանագրի ստորագրման 103-րդ չարաղետ տարելիցը։ Ստորագրված լինելով ավելի քան հարյուր տարի առաջ՝ այս անօրինական փաստաթուղթը շարունակում է իր կործանարար ազդեցությունն ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքական ճակատագրի վրա։
Կարսի պայմանագիրը միանշանակորեն կարելի է դիտարկել որպես Ռուսաստան-Թուրքիա գործակցությամբ կայսերապաշտական քաղաքականության ակնառու օրինակ, որի միջոցով այս երկու ուժերը լուծեցին իրենց շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ոտնահարելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովուրդի իրավունքներն ու օրինահաստատ պահանջները:
Ստորագրված չլինելով պետությունների միջև՝ այն կարելի է դիտարկել ընդամենը որպես երկկողմ գործարք, որը հստակորեն արտացոլում է ռուս-թուրքական կայսերապաշտության առ այսօր շարունակվող նպատակներն ու ռազմավարությունը տարածաշրջանում։
1. Համագործակցության նպատակներ՝ ազդեցության գոտիների բաժանում․
Ռուսաստանն ու Թուրքիան տևական դարեր շարունակ մրցակցել են և շարունակում են մրցակցել Կովկասում՝ ազդեցության գոտիներ ձևավորելու համար։ Կարսի, իսկ մինչ այդ Մոսկվայի, գործարք-պայմանագրերով նրանք վերահաստատեցին երկու պետությունների ազդեցությունը Հարավային Կովկասում՝ ապահովելով նրանց համար որոշակի կարգավիճակ և վերահսկողություն տարածաշրջանի նկատմամբ:
2. Հայաստանի և հայ ժողովուրդի շահերի ոտնահարումը․
Կարսի պայմանագիրը դրսևորեց կայսերապաշտական երկու պետությունների՝ Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի ձգտումը լուծել իրենց շահերը չհիմնվելով տեղի ժողովուրդների ցանկությունների վրա: Հայաստանը, լինելով փոքր և խոցելի պետություն, դարձավ այս գործարքի զոհը՝ կորցնելով իր տարածքների զգալի մասը:
Թուրքիան ստացավ Կարսի մարզը, Արդահանը և Սուրմալուն, որտեղ գտնվում էր նաև հայ ժողովրդի համար սրբազան Արարատ լեռը։ Նախիջևանը դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ։ Կարսի 1921թ․ այս գործարքը եղել և մնում է անօրինական, քանի որ ստորագրողներից ոչ մեկը ստորագրման պահին չի ներկայացրել ինքնիշխան պետություն, այսինքն չի հանդիսացել ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։
Կարսի գործարք-պայմանագիրը ստորագրման իսկ պահից ոտնահարել է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար դրույթներ՝ jus cogens-ներ։ Ուստի, ըստ Պայմանագրերի մասին օրենքի Վիեննայի 1969թ միջազգայնագրի 53-րդ հոդվածի՝ Կարսի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից եղել և մնում է որպես անօրինական գործարք, որպես ապօրինի փաստաթուղթ։
3. Տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունները և Նախիջևանի հարցը․
Պայմանավորված տարածաշրջանում ուժերի ռազմավարական վերադասավորումներից և նոր աշխարհաքաղաքական պայմաններից՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր միջանցքի շրջանակում, Հայաստանի Հանրապետության կամքից անկախ, հնարավոր է Նախիջևանի հարցի վերաբացում։
Տրանսպորտային և տնտեսական նախագծերը կարող են խթանել այս հարցի նոր քննարկումները, և դա կապված է լինելու Իրանի և Միացյալ Նահանգների առաջիկա հարաբերություններից, ինչպես նաև Վրաստանում հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրությունների արդյունքից։
Եզրակացություն․
Կարսի գործարք-պայմանագիրը շարունակում է մնալ որպես անօրինական փաստաթուղթ, արևմտյան ժողովրդավարությունների լռության և սեփական խղճի հետ գործարքի վկայություն ու անարդարության խորհրդանիշ, Ռուսաստանի և Թուրքիայի կայսերապաշտական ուժերի նենգ ու ուխտադրուժ համագործակցության անպօրինի ծնունդ։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
12 հոկտեմբերի, 2024թ․, ք․ Երևան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: