Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք դուրս են մնացել 40+10 հազար ծրագրից։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
«Սա արդեն իսկ հետեւանքներ է ունենում։ Մենք ունեինք 2020 թվականին տեղահանվածներ, ովքեր 2023 մայիսից հետո Արցախի կառավարությունից չէին ստանում բնակվարձ, եւ գրեթե 10 ամիս մոտ 6000 հազար մարդ չէր կարողանում իր բնակվարձի փոխհատուցումը պետությունից ստանալ ու հոգալ իր կարիքները։ Վերջին փոփոխություններով, այո, նրանց մի մասն ընդգրկվեց ծրագրում, իսկ այն մարդիկ, ովքեր ոչ օպերատիվ շտաբի տվյալների բազայում կան, ոչ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու են, փաստացի դուրս մնացին եւ հետեւանքները կրում են առ այս պահը։ Այսինքն՝ կան ընտանիքներ, որոնք ավելի քան մեկ տարի ոչ մի ծրագրից չեն կարողանում օգտվել, եւ կառավարությունը ոչ մի քայլ չի անում, որպեսզի այդ անձինք ընդգրկվեն ծրագրերում։ Թեպետ, նրանց թիվն այնքան էլ մեծ չէ եւ նրանք մեծ բեռ չեն հանդիսանալու կառավարության համար»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։
Նա նշեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել ու ներկայացրել խնդիրները՝ եւ բնակապահովման, եւ 40+10 հազար ծրագրերի վերաբերյալ։ Ներկայացրել է, թե գումարային աջակցության ծրագրերի չշարունակվելու պարագայում ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ «Իմ առաջարկները, կարծիքները ընդունելի եղան, ցավոք սրտի, հետագա քայլեր դեռեւս չկան։ Այս պահին գոնե 40-10-ի հետ կապված որեւէ փոփոխություն չկա, չնայած սոցնախարարության կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել հաջորդ տարվանից մասամբ շարունակելի լինելու հանգամանքը։ Այսինքն՝ մեր ներկայացրած կետերն ընդունվել են, բայց չեն իրագործվել, որովհետեւ առ այս պահը տարբեր հոլովակներով շրջանառվում է, որ 40+10-ը չի շարունակվելու բոլորի համար անխտիր։ Չնայած ես չեմ պատկերացնում, թե դրա հետեւանքներն ինչպիսին է լինելու տեղահանվածների համար»,- ասաց նա։
Լիաննա Պետրոսյանն ասաց, որ կառավարության ներկայացուցիչները ներկայացնում են, թե հանրային լայն քննարկման արդյունքում են որոշումները կայացվում, բայց փաստերը հակառակն են ապացուցում։ Եթե լինեին հանրային լայն քննարկումներ, եւ մարդկանց արձագանքը հաշվի առնվեր, իրավիճակն այլ կլիներ, որոշումներն այլ հիմքերի վրա կընդունվեին։
ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն էլ ասաց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետներն իրենց տեղեկացրել են, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը 40+10 հազար ծրագիրը շարունակվելու է, այնուհետեւ լինելու է սոցիալական աջակցության նոր ծրագիր։ Նոր ծրագրի նախագիծը խոստացել են դնել հանրային քննարկման, դեռ պարզ չէ, թե ինչ շրջանակներ կներառվեն ծրագրում։ «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի ծրագրը դադարեցնել, որովհետեւ բնարականային ապահովման ծրագրի իրագործումը լիարժեք չէ, եւ այս ծրագրի իրականացման համար բազմաթիվ խոչընդոտներ ու խնդիրներ կան։ Մարդիկ քաղաքացիության ստացման ու փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունեն»,- ասաց Չատինյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: