Տոնավաճառ-ցուցահանդես, որ Արցախով էր շնչում

  • 18:19 16.10.2024

Այսօր Երևանի Մոսկավյան 6/7 հասցեն Արցախի համ ու հոտով էր շնչում։ Ժենգյալով հացի ու արցախյան կուրկուտի անուշաբույրը հեռվից էր գրավում անցորդների ուշադրությունն ու արցախյան բարիքները համտեսելու ցանկություն առաջացնում։ Արցախահունչ երգ ու երաժշտության ներքո աշխույժ եռուզեռ էր։ Տաղավարներն առատ էին՝ յուրատիպ ձեռքի աշխատանքներով, առանձնահատուկ մտահղացումներով:

Արաջին անգամը չէ, որ <<Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն>> ՀԿ-ն իր տարբեր ծրագրերով մասնակցում է Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին, սակայն այս անգամ տոնավաճառ-ցուցահանդեսը կազմակերպվել էր հենց իր նախաձեռնությամբ։

ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանն անձամբ իր կողմից արցախյան կուրկուտ էր ներկայացրել, որը գրեթե վերջացել էր կեսօրին մոտ։

-ՀԿ-ի <<Վերածնունդ>> ծրագրի շահառուները՝ Մարինե Գաբրիելյանի գլխավորությամբ որոշեցին տոնավաճառ-ցուցահանդես կազմակերպել, որին մասնակցելու ցանկություն հայտնեցին մեր բոլոր շահառուները, ընթացքում մեզ միացան նաև մի խումբ արցախցիներ ևս, որոնք զբաղվում են փոքր բիզնեսով։ Միջոցառումը փորձնական է, նախատեսում ենք հետագայում ավելի մեծ տոնավաճառ կազմակերպել։ Իհարկե, արդյունքներից ելնելով, կորոշենք հետագա մեր անելիքները,-ասում է Ալլա Արզումանյանը և ավելացնում, որ շահառու կանայք ծրագրի ընթացքում ձեռք են բերել նոր հմտություններ, հաղթահարել են մի շարք դժվարություններ և, իհարկե, ստեղծվել են հաջողությունների պատմություններ։ Միաժամանակ, հույս ունեմ, որ շուտով նոր ծրագրեր կունենանք՝ ի շահ արցախցի ձեռներեց կանանց։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրն աշխատանքային է և մարդիկ այնքան էլ ակտիվորեն չեն կարողանում մասնակցել, միևնույն ժամանակ, վաճառքից այնքան էլ դժգոհ չէին արցախցի ձեռներեցները։ Կարևորն այն է, որ իրենց արտադրանքը հասանելի դարձավ նոր հաճախորդների, ստեղծվեցին նոր ծանոթություններ։ Արցախցիները հաստատակամորեն են տրամադրված և ինչպես իրենք են ասում՝ ամեն ինչ լավ է լինելու․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f