Step1.am-ի զրուցակիցն է Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
-Տիկին Ալեքսանյան, վերջին տարիներին դուք բռնի տեղահանված արցախցիների հիմնախնդիրներով եք զբաղվում նաեւ, ի՞նչ եք արձանագրում, ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիները։
-Մենք հիմա տեսնում ենք, որ բռնի տեղահանությունից մեկ տարի անց արցախցիների խնդիրները, որոնք եղել են, ոչ թե չեն լուծվել, ավելի վատթարացել են։ Առաջին հերթին ես կշեշտեի, որ սոցիալական վիճակը շատ ծանր է, շատ ընտանիքներ աղքատության շեմին են հայտնվում։ Իսկ պետական մարմինները տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում։ Օրինակ՝ Գյումրիում տեղակայված մի ընտանիք մեզ պատմեց, որ ինքը 40 տարի առաջ ամուսնացել ու Հայաստանից գնացել է Արցախ, բայց համարում են, որ ինքն այստեղ գույք ունի եւ չի ստանում 40+10 հազար աջակցության գումարը։ Առանց այն էլ 40+10 հազարը մեծ գումար չէ, բայց մարդը չի ստանում։ Նման ընտանիքների մենք էլի ենք հանդիպել, որոնք աջակցության ծրագրից օգտվելու համար ընկնում են քաշքշուկների մեջ։
Խնդիրները շատ են, դժվար կացության մեջ են արցախցիները, հատկապես մարզերում շատերը շատ անճար վիճակում են։ Մյուս կողմից, բավականին բարձր են բնակարանների վարձավճարները, որոշ ընտանիքներ չեն կարողանում վճարել այդ գումարը։ Այսինքն՝ ես տեսնում եմ, որ առաջին հերթին սոցիալական խնդիրներն են սրված։ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրին շատ քիչ թվով արցախցիներ են դիմել, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը երկարատեւ է եւ քաշքշուկներ է ենթադրում։ Մենք սոցապ նախարարություն հարցումներ ենք արել, իրենք տեսել են, որ 94-ամյա կինը չէր ստանում թոշակ, քանի որ ինչ-որ մի ժամանակ ինքը մի քանի տարի ապրել է Հայաստանում։ Այսինքն՝ այդ մղումը չկա, որ պետական մարմինները հարթեն եւ փորձեն լուծել արցախցիների խնդիրները, ավելի չբարդացնեն։ Մեկ տարի անցել է բռնի տեղահանությունից, բայց անընդհատ խոչընդոտներ ու դժվարություններ են։
–2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունը սկսվել է հենց սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախում։ Ի՞նչ փաստեր եք դուք հավաքագրել այս առումով։
– Հայաստանում մենք տեղահանության մասին իմացանք, երբ սեպտեմբերի 25-ից արդեն սկսեցին արցացխցիները գալ Հայաստան։ Մենք բռնի տեղահանության հենց առաջին օրերին շատ ընտանիքներ ենք այցելել։ Հատկապես Մարտունու շրջանի գյուղերի բնակիչները մեզ պատմել են, որ սեպտեմբերի 19-ին, երբ մարտական գործողություններն սկսվել են, ադրբեջանցիները զուգահեռ ներխուժել են գյուղեր։ Մարդկանց համար դժվար է եղել գյուղերից դուրս գալը, այսինքն՝ իրոք դրանք ցեղասպանական գործողություններ են եղել։ Ստեփանակերտ պետք է գնային, բայց ադրբեջանիցները շրջափակել էին Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները, եւ մարդիկ ոտքով, անտառների միջով, գյուղից գյուղ անցնելով ու ահավոր տանջանքներով են հասել Ստեփանակերտ։
Սեպտեմբերի 19-ին շատ քաղաքացիական անձանց մահվան դեպքեր են գրանցվել Արցախի տարբեր բնակավայրերում։ Օրինակ՝ երբ Սարուշենի դիրքերից փորձել են վիրավորներ իջեցնել ու հասցնել Ստեփանակերտ, դեպքեր են եղել, որ դեպի Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանիցները գնդակահարել են մարդկանց։ Սեպտեմբերի 19-25-ը մարդիկ Արցախի տարբեր շրջաններից մի կերպ են կարողացել հասնել Ստեփանակերտ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում հայտարարում էր, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։
Այսինքն՝ էթնիկ զտումներն Արցախում սկսվել են սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանցիները մարդկանց գյուղեր ու տներ են ներխուժել։ Այդ ներխուժումների հետեւանքով շատ քաղաքացիական զոհեր են եղել։ Կան գյուղեր, որտեղ ռումբեր են գցել մարդկանց վրա, օրինակ, Սառնաղբյուր գյուղի գյուղապետի հայրը եւ որդին հենց այդ պահին զոհվել են։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: