ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում պատասխանել է հայ լրագրողի հարցին, ով խնդրել է մեկնաբանել օկուպացված Ստեփանակերտում հայկական տների և պատմական թաղամասերի քանդումը։
«Գիտեք, որքան ես հասկանում եմ, խոսքը Ադրբեջանի տարածքի մասին է։ Այնտեղ գործում են այս երկրի օրենքները։ Եթե մենք խոսում ենք մշակութային օբյեկտների մասին, ապա պետք է կապ հաստատել, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք բազմիցս մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված էին իրենց տները լքած բնակչությանը վերադառնալու հնարավորություն տալուն։ Եվ մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ է նշանակում այն մարդկանց համար, ովքեր պատմականորեն կապված են եղել այս վայրերի հետ, կորցնել դրանք:
Միաժամանակ, նորից եմ ասում, վերադարձի հնարավորություն կար և կա։ Եթե, ինչպես ասում եք, մարդիկ շահագրգռված են պահպանել իրենց տներն ու հայրենի վայրերը, նրանք, հավանաբար, պետք է օգտվենք այս հնարավորությունից։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ այն կա»,- ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նա խորհուրդ տվեց կապ հարցնել պաշտոնական Երևանին, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի այդ մարդիկ չհեռանան և վերադառնան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի «հիշում», թե ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռուսական զորքերի անմիջական մասնակցությամբ օկուպացվեցին Արցախի գրեթե բոլոր գյուղերը, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին։ Ստեփանակերտն՝ ամբողջ Ղարաբաղը չէ, և եթե ստեփանակերտցիները մի քանի օր ունեին մտածելու և պատրաստվելու համար, ապա սեպտեմբերի 19-ին Արցախի բնակչության կեսը գործնականում ոտքով, անտառներով, գնդակոծության տակ լքեց իր տները, անցնելով արդեն տեղակայված ադրբեջանական բլոկպոստերով։ Ռուս «խաղաղապահներն» զինաթափեցին Արցախի ՊԲ-ին, օգնեցին վտարել մարդկանց, ովքեր դեռ հույսը դնելով ռուսների վրա, ժամանել էին Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական զորքերի բազան։ Բայց նրանք այդպես էլ աջակցություն չգտան։
Զախարովան մեղադրում է Երևանին այն բանում, որ Հայաստանի իշխանությունը չկարողացավ իրականացնել նախապես գրված ծրագիր՝ մի քանի հազար մարդ թողնել Ղարաբաղում, ցույց տալ, թե որքան կուլտուր-մուլտուր են ադրբեջանցիները, որքան քնքուշ են վերաբերվում հայերին։ Հայաստանի իշխանությունը արդարանում է, թե արցախցիներին առաջարկել է մնալ, բայց նրանք չեն ցանկացել՝ լքել են իրենց տները՝ Հայաստանում իշխանափոխություն անելու, ռուսների համար աշխատելու համար։
Արցախում ոչ ոք չմնաց, նույնիսկ շրջափակման ժամանակ «Ռուսական համայնքի» մեջ հավաքագրված մի քանի հարյուր մարդիկ, որոնք, ըստ երևույթին, պետք է հետագայում ռուսական զորքերի մնալու առիթ դառնային։
Սմոլենսկի հրապարակից զառանցանքն ավելի ու ավելի է շիզոֆրենիա հիշեցնում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: