Խաչենց․ “Շատ ազդեցիկ էր, երբ ես չէի կարող գնալ Արցախ և այնտեղից ինձ կանչում էին իմ երգով”

  • 10:31 17.10.2024

Step1.am-ի զրուցակիցն է Արթուր Խաչենցը։

– Ինչպե՞ս սկսեցիք երգել, և ո՞վ կամ ի՞նչն էր Ձեզ ոգեշնչում այդ ուղին ընտրել:

Արցախն ու նրա մշակույթը մեծ ազդեցություն են ունեցել իմ վրա, և ես այնքան ուրախ ու վեհ եմ զգում, որ փորձում եմ պահպանել արցախյան բարբառը, մշակույթը, երաժշտությունը, երգահանությունը և ներկայացնել Արցախն արժանապատիվ ձևով: Սկսեցի երգել, քանզի շատ չարաճճի և ակտիվ երեխա էի և իմ էներգիան մի ձև պետք էր սպառել: 5-6 ամիս պարի դասերի հաճախելուց հետո խումբը փակվեց, ինչն ինձ ուրախացրեց: Պարը չէր գրավում ինձ, այն ավելի շատ ծնողներիս ցանկությունն էր: Իմ ձայնային տվյալներն առաջինը նկատեցին պապիկս ու տատիկս և խորհուրդ տվեցին զբաղվել երգով՝ միաժամանակ ձեռք բերելով այլ մասնագիտություն:

– Ո՞րն է եղել Ձեր ամենաազդեցիկ երգը և ի՞նչն է այն դարձնում առանձնահատուկ:

“Եկ քինինք Արցախ” երգն առանձնահատուկ է նրանով, որ այն բոլորին հրավիրում է Արցախ: Այն շրջափակման ընթացքում ամենաշատն էին երգում։ Արցախի երեխաները, «մամ-պապ» ասելուց հետո սովորում էին այդ երգը: Իմ կոչը մարդկանց հարազատ դարձավ, ու դա արդեն ոչ միայն իմ երգն էր, այլև բոլոր արցախցիների: Շատ էմոցիոնալ ու ազդեցիկ էր, երբ ես չէի կարող գնալ Արցախ և այնտեղից ինձ կանչում էին իմ երգով, բայց ես չէի կարող անցնել անցակետը… 2020 թվականի պատերազմից հետո երեք-չորս տարվա ընթացքում շատ եմ գնացել Արցախ ու բարեգործական համերգներով հանդես եկել: Չէի վախենում սահմանն անցնել կամ ադրբեջանցիների հետ դեմառդեմ հանդիպել: Թշնամին վախենում է իմ բարբառից ու այդ երգից, և դա միշտ էլ պիտի այդպես լինի: Պատերազմից առաջ ու հետո շատ եմ փոխվել՝ դարձել եմ ավելի հասուն, տոկուն և պայքարող: Պատերազմի ազդեցության տակ գրած  «Սիրտս վիրավոր» երգը  “45 օր. պայքար հանուն ազգի” ֆիլմի սաունդթրեքն է, որի շնորհիվ հրավիրվել էի ԱՄՆ: Այդ երգն ինձ բուժեց:

– Ի՞նչ զգացմունքներ եք փորձում փոխանցել Ձեր հանդիսատեսին՝ կապված Արցախի իրադարձությունների հետ:

Իմ փորձառություններն ու ապրումները արտացոլվում են երգերիս մեջ՝ ուղիղ և անկեղծ: Սիրտս, հոգիս ու լեզուս միաժամանակ են աշխատում, և անձնական այդ պատերազմը, տանջանքները, սերը, փաղաքշանքը, Արցախի բուրմունքը դառնում են երգեր… Լացելու փոխարեն ուղղակի գրում եմ երգեր, և դա ինձ համար մեծ ինքնասփոփանք է: Արցախցիներին փորձում եմ փոխանցել այն զգացողությունները, որ ցավը կա, և այդ ցավը մեր ներսում է՝ հոգում, ուղեղում, ամեն տեղ: Պետք է այդ ցավը հաղթահարենք, և պետք է հավատանք, որ մի օր վերադառնալու ենք:

– Ինչպե՞ս եք պատկերացնում արցախյան երաժշտական ժառանգության պահպանումը և զարգացումը:

Ես իմ ներդրումով էլ եմ պատկերացնում դա: Արցախյան երաժշտական ժառանգության պահպանումն ու զարգացումը հնարավոր է երգելով, ձայնագրելով, թե՜ աուդիոգրքերի, բանահյուսությունների տեսքով, թե՜ իմ, թե՜ նախքան ինձ գրված երգերը՝ իմ մեկնաբանությամբ ու ոճով ներկայացնելով: Հետագայում միտք ունեմ ստեղծել անիմացիաներ, որպեսզի արցախցի երեխաները բարբառով մուլտֆիլմեր նայեն և չմոռանան իրենց լեզուն: Ես իմ անունն ու ազգանունը ծառայեցնում եմ դրան, ու ամբողջ կյանքս ապրելու եմ Արցախով, սիրելու եմ Արցախը: Այն հոգուս մեջ է, երակներիս մեջ: Ես նույնիսկ Արցախում եղած ժամանակ Արցախը կարոտում էի:  Հայկական երաժշտական առանձնահատկությունները փորձում եմ ընդգծել իմ երգերում՝ մաքուր երգեցողությունը, անկեղծությունը, հայկական ժողովրդական գործիքները՝ քյամանչա, քանոն, զուռնա, բլուլ, դափ, հայկական դհոլ, թմբուկ: Փորձում եմ դրանք ներկայացնել ժամանակակից մոտեցումներով՝ չկորցնելով հինը:

– Ինչպիսի՞ն են Ձեր ապագա ծրագրերը երաժշտական ոլորտում: Կա՞ն նախագծեր կամ երգեր, որոնք ցանկանում եք ստեղծել՝ ներկայացնելու Արցախի պատմությունը և մշակույթը:

Ապագան նաև ներկան է, և հենց ներկայից է կախված ամեն ինչ: Ներկայումս փորձում եմ իմ ողջ ուժը ներդնել  երաժշտության մեջ, որովհետև սա երաժշտություն չէ, սա պայքար է, սա Արցախ է՝ չավարտված, դեռևս չկրակված փամփուշտներով: Բնականաբար, նախագծերն ու երգերը, որոնք ներկայացնում եմ, ստեղծվել են ու ծառայում են Արցախին: Ես ինքնագնահատականի խնդիր չունեմ, և պարտադիր չէ, որ տեսահոլովակներում ես լինեմ. պարտադիր է, որ Արցախը լինի, որպեսզի մարդիկ ճանաչեն ու իմանան, թե ինչ դրախտ ենք պատանդ թողել: Աշխատում եմ արդեն 4 տարի՝ իմ ստուդիայում, խմբով, թիմով, բենդերով, ձայնագրություններով, երաժշտության գործիքավորումներով, միքս մաստերով, ամբողջությամբ տեսանյութերը հրապարակելով: Իմ բոլոր տեսանյութերի ռեժիսորը ես եմ: Իմ երգերի մեծ մասի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը պատկանում են ինձ:

– «Ինտեգրվել ե՞ք Երևանի մշակութային համայնքին, ձեզ «ընդունե՞լ են ընտանիք», թե «հեռու բարեկամի» պես են վերաբերվում:

Ես չեմ համարում, որ շոու-բիզնեսի անդամ եմ: Համարում եմ, որ ես արվեստագետ եմ, մտավորական, ով իր ստեղծագործությունները մտածված է գրում և մեկնաբանում իր ձևով: Ուզում եմ, որ մարդիկ, ովքեր լսում են իմ երգերը, նախ և առաջ հասկանան, որ Արցախը սեր է, Արցախը հավերժ է, և որ այն միշտ մեզ սպասելու է, կանչելու է, մինչև մենք վերադառնանք: Այն ոչ թե մեր կոկորդին մնացած փուշ է, այլ ընդհակառակը՝ մեզ թևեր տվող հույսի և հավատի ներշնչանք: Արցախը հանգիստ է, երբ մենք այնտեղ ենք, իսկ Արցախն էլ մեզ է կարոտում: Պետք է միշտ ուժեղ մնանք, տոկուն, Արցախով ապրենք, հայ մնանք և հայրենիքին կարոտ մնալով հանդերձ՝ այն չկորցնենք:

Տաթև Ազիզյան

f