Արցախցիների փախստականի վկայականի ժամկետը երկարացվեց 1 տարով

  • 12:16 17.10.2024

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ, որով բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի ժամկետը երկարացվեց 1 տարով։

Որոշմամբ սահմանվում է, որ 070 ծածկագրով անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են՝ միայն միասին գործածելու պարագայում։ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, և նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում 070 ծածկագրով անձնագրով մուտք գործել ՀՀ տարածք։

Միաժամանակ, նախատեսվել է դրույթ, համաձայն որի ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի վավերականության ժամկետը նախատեսվում է նշել հատուկ համարանիշում՝ արագ արձագանքման կոդում, ինչը թույլ կտա ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականում ժամկետը երկարաձգել՝ առանց նոր վկայական տպագրելու, ինչն էլ կկրճատի ծախսերը։

f