Թուրքիայում կասեցվել է ռադիոկայանի հեռարձակումը «Հայոց ցեղասպանություն» արտահայտության պատճառով

  • 12:43 17.10.2024

Ամերիկայի ձայն

Թուրքական «Բաց ռադիոն» փակվել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության խորհրդի (RTÜK) որոշմամբ։ Այն փակվել է եթերում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար, որն օգտագործել է ծրագրի մասնակիցներից մեկը

«Բաց ռադիոն» հեռարձակվում է գրեթե 30 տարի։

Ինչու՞ փակվեց «Բաց ռադիոն»

2024 թվականի ապրիլի 24-ին «Բաց թերթ» առավոտյան հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։

Մայիսի 22-ին կայացած նիստի ժամանակ RTÜK-ը եկել է այն եզրակացության, որ «…հաղորդման մասնակիցը, խոսելով «Հայոց ցեղասպանության» մասին, նշել է, որ դա «զանգվածային սպանություն է, որը հայտնի է որպես ցեղասպանություն, որը կատարվել է օսմանյան հողերում», մինչդեռ հաղորդավարները դա հերքելու փորձեր չեն արել, ինչը հակասում է հանրային պատասխանատվության և պատասխանատու հեռարձակման սկզբունքներին և կարող է ատելություն և թշնամանք առաջացնել հասարակության մեջ»: Այն արդյունքում սահմանել է տուգանք ռադիոյի նկատմամբ և հինգ տարի ժամկետով կասեցրել ծրագիրը։

«Բաց ռադիոն» կատարել է տուգանքի առաջին վճարումը, սակայն չի կիրառել հաղորդման արգելքը՝ ասելով, որ «էլեկտրոնային ծանուցման համակարգում տեխնիկական սխալը թույլ չի տվել բացել կասեցման ամսաթիվը նշող փաստաթուղթը, և այդ պատճառով որոշումը չի կատարվել»։ Սակայն հուլիսի 3-ին RTÜK-ը որոշեց չեղյալ համարել լիցենզիան։

Անկարայի 21-րդ վարչական դատարանը, քննելով ռադիոյի փաստաբանների բողոքը, հուլիսի 8-ին կայացրել է արգելքը կասեցնելու որոշում։ RTÜK-ն առարկություն է ներկայացրել, որը նույնպես մերժվել է դատարանի կողմից հուլիսի 10-ին, և ռադիոն կարողացել է շարունակել հեռարձակումը։

Սակայն դատարանի անդամներից մեկին փոխարինելուց հետո RTÜK-ը կրկին ներկայացրեց բողոքը, որը հոկտեմբերի 8-ին միաձայն հաստատվեց։

«Բաց ռադիոն» բողոքարկել է վարչական դատարանի որոշումը վերադաս դատարանում և հայց է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել RTÜK-ի որոշման կատարումը։ Գործընթացն այս պահին դեռ շարունակվում է ։

f