Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Ըստ պատմագիտական աղբյուրների, հայերը Եգիպտոսում հայտնվել են հնագույն ժամանակներից, մ.թ.ա. 4-րդ դար: Տարբեր ժամանակներում հայերի թիվը տարբեր է եղել։ Հայերի գաղթը Եգիպտոս նշանակալի չափերի է հասել հատկապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայկական կոտորածների և Ցեղասպանության ժամանակաշրջանում։
Իսկ Կահիրեում հայերը սկսել են հաստատվել քաղաքի հիմնադրման ժամանակներից։ Եգիպտական արքունիքում ծառայող հայ վեզիրները խրախուսել են հայերի մուտքը Կահիրե, օժանդակել նրանց առևտրական գործունեությանը, հովանավորել արհեստավորներին ու վարպետներին։ 2003 թվականի դրությամբ Կահիրեում բնակվում էր մոտ 5 հազար հայ, այօրվա դրությամբ նվազել է հազարով։
Գործում են 5 Հայ Առաքելական եկեղեցի, 3 Հայ Կաթոլիկ և 1 Հայ Ավետարանական եկեղեցի։ Բոլորն էլ պատկանում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եգիպտոսի թեմին։
Հինգ Առաքելական եկեղեցիներից երեքը գտնվում են Կահիրեում, երկուսը Ալեքսանդրիայում։ Կահիրեում մեծամասնություն են կազմում Առաքելական եկեղեցու դավանորդները։ Այստեղ գործում է Կահիրեի Առաջնորդարանն ու Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև 2 մատուռներ` Սուրբ Մինասը և Ամենայն Սրբոցը ազգային գերեզմանատներում:
1928 թվականին դրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմքը, իսկ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 1932 թվականին։ Եկեղեցու շենքի կառուցման նախագիծը ղեկավարել է ճարտարապետ Լևոն Նաֆիլյանը։
Հենց տաճարի մուտքի մոտ տեղադրված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի դիվանագետ Գրիգոր Եղիյանի կիսանդրին, ով գումար է հավաքել տաճարի կառուցման համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործում է նաև Մատենադարան։
Շատերի համար այս տաճարը դարձել է հայ համայնքի հոգևորականության և ամբողջականության Կենտրոն։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հայկական դասական ճարտարապետության վառ օրինակ է։ Ունի կոնաձև գմբեթ։
Կահիրե այցելող հայ զբոսաշրջիկների համար եկեղեցին դարձել է ուխտավայր։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: