Ազգերի Լիգան Հայաստանի սահմաննեը ճանաչել է Արցախով հանդերձ, դա միակ փաստաթուղթն է․ Մանասյան

  • 08:38 18.10.2024

20-րդ դարում եղել է ադրբեջանական երեք հանրապետություն եւ երեքից ոչ մեկին Արցախը չի պատկանել։ Այս մասին այսօր խորհրդարանում լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Եվ ոչ մեկը հռչակված տարածք չի ունեցել։ Ադրբեջանի երեք հանրապետությունները չունեն հանրաքվեով հաստատված տարածքներ։ Եվ չի կարելի խոսել, որ այս կամ այն գյուղը կամ Արցախը պատկանում են Ադրբեջանին։ Իրավունքի տեսանկյունից դա անհեթեթ ու անհիմն պնդում է»,- ասաց նա։

Ըստ Մանասյանի՝ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, որը թուրքերն են ստեղծել, հռչակվել է արեւելյան եւ հարավային Անդրկովկասում։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից անհեթեթ մի հասկացություն է՝ սահմանազատման ու սահմանագծման ոչ ենթակա։ Եվ եթե նկատի ունենանք, որ Արցախը գտնվում է կենտրոնական Անդրկովկասում, ապա ընդհանրապես Արցախին դա չի վերաբերում։

«Ազգերի լիգան դա նկատել է, ու երբ ադրբեջանական հանրապետության կառավարությունը ներկայացել է Ազգերի լիգա եւ ներկայացրել տարածքային պահանջները՝ հարավային եւ արեւելյան Կովկաս ձեւակերպմամբ, 5-րդ կոմիտեն ասել է՝ ընդհանրապես հնարավոր չէ իմանալ, թե դա որտեղ է։ Եվ մերժել են ադրբեջանական այսպես կոչված դեմոկրատական հանրապետությանը։

Բայց նաեւ հայտնի չէ, թե ով է հռչակել այն, ադրբեջանական այսպես կոչված դեմոկրատական հանրապետությունը հռչակվել է Ադրբեջանի մուսուլմանների ազգային խորհուրդը։ Այդպիսի խորհուրդ գոյություն ունենալ չի կարող։ Այս վերջին ադրբեջանական հանրապետությունը նոր ձեւակերպում է մտցրել սահմանադրական ակտում, որտեղ ասվում է՝ «պատմականորեն ձեւավորված ադրբեջանական սահմաններն  անօտարելի են»։ Այս ձեւակերպումն ավելի անհեթեթ է, քան նախկինը։

Այդպիսի Ադրբեջանը ներկայացել է Ալմա-Աթա։ Ալմա-Աթան սահմանների հարց չի լուծում։ Ալմա-Աթայից հետո Բաքուն կազմակերպում է անկախության հանրաքվե։ Սա Ադրբեջան անունով հանրապետությունների առաջին անկախության հանրաքվեն էր, եւ դա պիտի որոշեր ադրբեջանական հանրապետության սահմանները։ Բայց դա էլ չի որոշել, որովհետեւ Բաքուն հանրաքվեի է դրել այսպիսի հարց՝ դուք համաձա՞յն եք սահմանադրական ակտի այն ձեւակերպման հետ, որ «ադրբեջանական հանրապետության պատմականորեն ձեւավորված ադրբեջանական սահմաններն անօտարելի են»։ Այսինքն՝ վերադարձել են սահմանադրական ակտին, որտեղ սահմաններ չկան։ Այսինքն՝ այդ հանրաքվեով եւս Ադրբեջանը սահմաններ չի հռչակել»,- նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է խորհրդային Ադրբեջանին, Մանասյանը նշեց, որ սահմանադրական ակտով ինքը՝ Ադրբեջանը, խորհրդային Ադրբեջանը հայտարարել է ապօրինի ձեւավորում։ «Մենք գիտենք, որ դա այդպես է, մենք գիտենք, որ բոլշեւիկներն են եւ Նախիջեւանը, եւ Լեռնային Ղարաբաղը տվել այսպես կոչված խորհրդային Ադրբեջանին»,- հավելեց նա։

Մանասյան ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն այդ իմաստով էակնորեն տարբերվում է Ադրբեջանից։ Նախ ազգերի լիգան չի վիճարկել այն սահմանները, որոնք Հայաստանը ներկայացրել է Ազգերի լիգա, նույնիսկ Արցախով հանդերձ է ճանաչել սահմանները։ Դա միակ փաստաթուղթն է, որը մենք ունենք։

«Երկրորդը, քանի ու 1991 թվականին Ադրբեջանը տարածքներ չի հռչակել, Արցախն անկախություն է հռչակել ոչ Խորհրդային միությանը, ոչ էլ Ադրբեջանին պատկանող տարածքում։ Արցախը կայացել է իրենից բացի ոչ մեկին չպատկանող տարածքներում։ Այն, որ այսօրվա Ադրբեջանը չունի հռչակված տարածքներ, այս դրույթը հակամարտության կերպարի առանցքային հասկացություն է։ Հիմա դուք կասեք՝ քաղաքական հարցեր կան, դա ես գիտեմ, բայց քաղաքական հարցերը մեզ չեն արգելում ճշմարտությունը բացահայտել»,- հայտարարեց Մանասյանը։

f