Ադրբեջանի միֆին աջակցած որոշ պետություններ ի զորու չեն նույնիսկ իրենց ներքին կայունությունն ապահովել

  • 09:13 18.10.2024

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։

-Պարոն Կարաբեկյան, Բաքուն Արցախում ոչնչացնում է ամբողջական թաղամասեր, ոչնչացնում կամ յուրացնում են հայկական պաշտմամշակութային հուշարձանները։ Ինչպե՞ս է հնարավոր դիմակայել այս բարբարոսությանը, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը։

-Այդ ցուցադրական քայլերը մարտակոչ եւ արհամարհանքի դրսեւորում է թե միջազգային իրավունքի նկատմամբ, թե հայության ու հայկական պետության նկատմամբ։ Այդ քայլերով Ադրբեջանը կարծես թե փորձում է շեղել իր հասարակությանը ներքին ծանր հակասություններից։ Միֆերը, որոնց վրա խարսխված է այդ պետությունը եւ որը պահպանում են Ռուսաստանի, ինչու ոչ, Արեւմուտքի որոշ խավեր, որոնք աջակցեցին Ադրբեջանին 44-օրյա պատերազմում եւ 2023 թվականի մեկօրյա պատերազմում, այդ միֆերն աստիճանաբար վերանում են։ Եվ այդ պետություններն ի զորու չեն նույնիսկ իրենց ներքին կայունությունն ապահովել, իրենց մարտահրավերներին պատասխանել։

Եվ երրորդը, սա ցույց է տալիս, որ այդ երկրի էքսպանսիոնիստական ռեժիմին խաղաղություն պետք չէ, որովհետեւ ինքը զգում է, որ այդ խնդիրներն անլուծելի են, զգում է, որ օրեցօր իրավիճակը դժվարանում է։ Եվ փաստորեն ինքը կարծես թե դրանով ոչ միայն մեր նյարդերի ամրությունն է փորձում ստուգել, այլ ակամայից ցույց է տալիս, որ «խաղաղության պայմանագիրը», փոխզիջումները սին բաներ են։ Այդ ամենը վաղ թե ուշ կհանգեցնի բախման։ Ինքն արդեն պահանջ է ներկայացրել, որ Արցախում ծառայածները պետք է հանցագործ ճանաչվեն եւ արտահանձվեն Բաքվին, ասում է, որ «Հայաստանի պարտքը ոչ թե 50 մլրդ է, այլ 350 մլրդ է»։  Եթե նախկինում այդ կեղծ պարտքի դիմաց, որն իբր թե գոյացել է «Ադրբեջանի օգտակար հանածոների» շահագործման հետեւանքով, Սյունիքն էր պահանջում, ապա հիմա արդեն պահանջում է 7 անգամ ավելի շատ։ Այսինքն՝ նրանց համարյա ակնկալում են ստանալ մի տարածք, որը 8-10 քկմ է կազմում, գրեթե Հայաստանի կեսը։ Այսինքն՝ Հայաստանի տարածքը ուզում են հասցնել մոտավորապես Բաթումիի պայմանագրով նախատեսված չափին։

Մենք պետք է պատրաստ լինենք ազգովի դուրս գալու գոյապայքարի։ Իրենք արդեն հայկական պետության սուվերենության հարցն են դնում։ Իսկ զիջումներով մենք ընդամենը մոտեցնում ենք այդ բախումը։ Եվ Ադրբեջանը ոչ միայն մեր նկատմամբ է առաջ քաշում այդ պահանջները, այլ նաեւ Վրաստանի։ Այսինքն՝ հավակնում է ոչ միայն ենթատարածաշրջանային տերություն դառնալ, Հարավային Կովկասում գերիշխող ու թելադրող դիրք ունենալ, այլ նաեւ տարածքներ նվաճել։ Ցանկացած նման երկիր խարսխվում է միֆերի վրա, հիշենք Խորհրդային միությունը, այլ կայսրություններ, որոնք փլուզման եզրին գտնվելով՝ իրենց վերագրում էին տարածաշրջանային կամ համաշխարհային առաքելություն։ Եվ պատահական չէ, որ իր մեծ եղբայրը՝ Թուրքիան, ավելի ծանր պահանջ է առաջ քաշում՝ վերացնել այն ամենը, որը կազմում է մեր ազգային ինքնությունը։ Այսինքն՝ մոռանալ ցեղասպանության եւ Արցախի մասին հիշատակումը, Վիլսոնի իրավարար վճռի մասին հիշատակումը, Սեւրի պայմանագիրը։ Այսինքն՝ մենք զրկվում ենք մեր ինքնությունից, դադարում ենք ազգ լինելուց։ Փոխարենը մեզ խոստանում են որոշակի «զիջումներ», օրինակ, ցածր գներով գազ, առեւտրի հնարավորություն։ Եվ այդ ամենը կապում են ԱՄՆ-ի հետ, իբր դա ամերիկյան ծրագիր ու պահաջ է, եւ նրանց նպատակը տարաշրջանից Ռուսաստանից հանելն է։

Եթե հիմա մենք ունենք պետություն, բանակ, ազգային պետականության ատրիբուտներ, եւ մեր նկատմամբ այսպիսի պահանջներ են առաջ քաշում, Ադրբեջանում ու Թուրքիայում «Երեւանի հիմն են երգում», բացահայտ նկրտումներ հայտնում ամբողջ հայկական պտության վրա, ապա պատկերացրեք մեր վիճակը, եթե նրանք իրենց ծրագրերին իրականացնեն։ Մենք գնում ենք ստորացման ճանապարհով եւ այդ ամենը կապում ենք քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրվելու հետ։ Բայց չէ՞ որ Թուրքիան գոնե պաշտոնապես մեզ որեւէ բան չի խոստացել կամ Ադրբեջանը ոչ միայն որեւէ բան չի զիջել, այլ իր ռազմական բյուջեն ավելացրել ու հասցրել է 5 մլրդ դոլարի, ահռելի քանակությամբ զենք է գնում։ Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է լայնածավալ պատերազմի եւ նույնիսկ ձգտում է դիմագրավել մեր հնարավոր օգնությանը։ Իսկ մեր նախապատրաստությունը շատ համեստ է։

-Հայաստանում ներքին համախմբվածություն կա՞՝ այս ամենին դիմագրավելու, ձեր ասած՝ ազգային գոյապայքարի դուրս գալու համար։

-Մեր մեջ չկա ներքին ուժերի ամրապնդման ու միաբանման հայեցակարգ, որը մեզ կսթափեցնի ու կմղի այդ հնարավոր մարտահրավերներին արձագանքելու։ Փոխարենն անընդհատ վեճեր են, ինքնահանգստանցող կոչեր։ Բացի դրանից, ներքին իրավիճակն է գնալով ծանրանում, Արցախը կորցնելով՝ մենք կորցրել ենք ջրի, վարելահողի պաշարներ, օգտակար հանածոներ։ Մենք կորցրել ենք այն միջնաբերդը, որը մեզ պաշտպանում էր։ Միաժամանակ, ստացել ենք ծանր բարոյական հարված՝ հաղթական, ուժեղ բանակի գաղափարը կարծես թե լուրջ փորձության է ենթարկվել, եւ բավական երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնենք։

Սոցիալական վիճակը սրվելուն զուգահեռ ավելանում են նաեւ արտագաղթի ծավալները։ Ասում են՝ արցախցիները գնում են Ռուսաստան, բայց պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ 115 հազար մարդ արտագաղթել են Հայաստանից այս տարիներին։ Դա բավական բարձր ցուցանիշ է, այդ ցուցանիշը եղել է նաեւ 2000-ականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ եւ Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին,որ մեր տնտեսական վիճակն էլ է ծանր, եւ, ցավոք սրտի, բարելավվելու միտում չունի։

Ռոզա Հովհաննիսյան

f