Ո՞ւմ է ցանկանում Զախարովան վերադառձնել Արցախ, նրանց, ովքեր ապաստա՞ն են խնդրում Ռուսաստանում

  • 11:14 18.10.2024

Ցեղասպանության և բռնագաղթի ենթարկված արցախցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությունը քննարկվում և ճանաչվում է ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, անգամ Ռուսաստանն է այդ մասին յուրովի խոսում, բայց ոչ Հայաստանը։

Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը գործում է Արցախը ուրանալու և այն որպես ֆաշիստական, ահաբեկչական Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանությամբ և անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի և էթնիկ զտումների թեման վերանա ոչ միայն քաղաքական ելույթներից, այլև առօրյայից ընդհանրապես։

Բայց, ինչպես երևում է, ոչ բոլորն են այդքան “ազնվորեն” վերաբերվում միջազգային իրավունքին և ընդհանրապես մարդու իրավունքներին։ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխանություններին հիշեցնում են, որ կան մարդիկ, ովքեր, օգտվելով ինքնորոշման իրավունքից, ոչ հեռու անցյալ 1988-ին ազգովի ցանկություն են հայտնել վերամիավորվել մայրցամաքային Հայաստանին, ինչի համար պայքարել են ավելի քան 30 տարի։ Եվ միայն անկախության տարիներին Հայաստանի իշխանությունների անկարողության (կամ, ամենայն հավանականությամբ, կոլաբերացիոնիզմի) պատճառով ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը «պատժվեց» նրանց ազատության ցանկության համար։

Այնուամենայնիվ, ոչ ոք չի խոսում այն ​​մասին, թե մեկ տարի առաջ ցեղասպանությունից փախած արցախահայությունը ի՞նչ երաշխիքներով և քաղաքական ի՞նչ պայմաններով կարող է վերադառնալ իրենց տները։

Թվում է, թե բոլորն ունեն տարբեր շահեր, և յուրաքանչյուր կողմ օգտագործում է արցախցիների վերադարձի իրավունքը՝ ելնելով իր երկրների շահերից։

Փորձենք վերլուծել փաստերը։

ԱՄՆ-ն Արցախի ժողովրդի իրավունքները օգտագործում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակ։ Ավելի հարմար «գործիք» դժվար կլիներ գտնել։ Ավելի քան 100 տարի նման լծակ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի փաստն օգտագործվեց Թուրքիան սանձելու համար։

Հիմա նույն մեթոդով Արցախում ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն են որպես ճնշում գործադրում ու շահարկում Ադրբեջանի, հնարավոր է` Ռուսաստանի դեմ:

Եվրոպական երկրները, ամենայն հավանականությամբ, ձգտում են ընկալվել որպես ժողովրդավարական արժեքների, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցներ և պաշտպաններ: Այնուամենայնիվ, ոչ ոք չի առաջարկում իրատեսական, արդյունավետ միջոցներ՝ ապահովելու այն մարդկանց անվտանգությունը, որոնց վերադարձի իրավունքը նրանք պաշտպանում են։ Եվրոպական երկրներն ու կազմակերպությունները, որոնց աչքի առաջ Ադրբեջանն ու Ռուսաստանը ցրտի, սովի էին դատապարտում ծերերին, կանանց, երեխաներին, 10 ամիս ոտնահարում արցախցիների բոլոր իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, ասում են, որ Ադրբեջանը (?!). որը նրանց ցեղասպանության է ենթարկել, պետք է ապահովի այն արցախահայերի իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իր իրավասության տակ։

Կարծես թե արցախցիների վրա փորձեր են արվում՝ ֆիզիկական և էմոցիոնալ տոկունությունը, արժանապատվության զգացումը, ազատության ու անկախության ցանկությունը ստուգելու համար։

Բոլորովին այլ նպատակներով են խոսում արցախցիների վերադառնալու իրավունքի մասին Ռուսաստանում։ ՌԴ ԱԳՆ-ի անփոխարինելի ներկայացուցիչ Զախարովան իրեն բնորոշ արհամարհական ձևով ասում է, որ «վերադարձի իրավունքը միշտ եղել է և կա»։

Ճիշտ է։ Մի օր՝ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո, արցախցիներն արդեն հավատացին ռուսների կեղծ, ամբարտավան հավաստիացումներին և վերադարձան իրենց տները։ Ճիշտ է, ոչ բոլորն արդեն ունեին տուն։ Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակիչները ստիպված են եղել բնակվել Ստեփանակերտի և Արցախի մնացած քաղաքների ու գյուղերի վարձակալած բնակարաններում։

Ռուսաստանը, որը Արցախով մեկ բարձրաձայն պաստառներ է փակցրել «Որտեղ մենք, այնտեղ խաղաղություն է», «Արցախ, ապրիր խաղաղության մեջ», եւ որը պարտավորվել է ապահովել արցախցիների անվտանգությունը, պաշտպանել մարդասիրական միջանցքը և մարդկանց ու մեքենաների անխափան տեղաշարժը դրա երկայնքով, զրկեց մարդկանց ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Ավելին, հենց ռուս «խաղաղապահներն» էին, որ «զորքերի հայելային դուրսբերման» շղարշի ներքո հայկական ստորաբաժանումները դուրս բերեցին շփման գծից և անմիջապես տեղայժկայեցին այնտեղ ադրբեջանական զինուժը։

Այսպիսով, հանձնվեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որտեղից գերի տարվեցին 63 հայ կամավորներ։

Նույն կերպ հանձնվել են Փարուխ և Քարագլուխ գյուղերը, որոնց պաշտպանության ժամանակ զոհվել են հայ զինվորներ։

Այնուհետ ռուս «խաղաղապահները» օգնեցին ադրբեջանցի ահաբեկիչներին գնդակահարել արցախցի ոստիկաններին և փակել միակ գրունտային ճանապարհը, որով հնարավոր էր գոնե սննդամթերք և դեղորայք հասցնել Արցախ։

Հենց Ռուսաստանն է ստիպել Հայաստանի իշխանություններին ժամկետից շուտ հանձնել Բերձոր-Աղավնո երթուղով անցնող միջազգայնորեն ճանաչված միջանցքը, ինչը երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչների արտաքսման պատճառ է դարձել։

Էլ չենք խոսում գազի անջատման գործում անմիջական դերի ու մասնակցության մասին, հետո էլ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող ճանապարհի հանձնման գործում Ռուսաստանի գործողություններից։

Հիմա նույն Ռուսաստանը կրկին խոսում է «վերադարձի իրավունքի» մասին։ Ի վերջո, արցախցիներն իրենց տներում էր, ինչո՞ւ թողեցին նրանք։

Ինչո՞վ է զբաղված այն երկիրը, որը Հայաստանը շարունակ համարում է «ողբի գլուխ»։

Ո՞ւմ է նա ուզում վերադարձնել: Միգուցե այն արցախցիներին, ովքեր ստիպված են եղել մեկնել Ռուսաստան և փորձում են այնտեղ քաղաքացիություն ստանալ, քանի որ Հայաստանում դժվարություններ են ունենում աշխատանք գտնելու և իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։ Դատելով Զախարովայի հավակնությունից՝ այս տարբերակը չի բացառվում։

Արցախահայությունը միշտ լինելու է ռուսական քաղաքականության միջոց՝ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, և պետք է հիշել դա և չտրվել հանցավոր ծրագրերին, որպեսզի Հայաստանը կրկին չհայտնվի որպես խաղալիք ահաբեկչական եռյակի ձերքում։

Մարգարիտա Քարամյան

f