ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ կայացել են լսումներ՝ Արցախում հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը ոչնչացնելու հարցով։
«Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է ոչ միայն պատմամշակութային ժառանգությունը, այլ նաեւ ամբողջական բնակավայրեր։ Տնտեսական գործունեության անվան տակ ոչնչացվել են Շուշիի շրջանի Քարին տակ, Հադրութի շրջանի Մոխրենես ու Խծաբերդ գյուղերը, մասամբ ոչնչացվել են Ասկերանի շրջանի Սղնախ եւ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղերը։ Իսպառ ոչնչացված է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին»,- այսօր Ազգային ժողովում հրավիրած քննարկման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախի հայ բնակչության ինքնությունը բնորոշող 5000 հուշարձան, մոտ 400 գերեզման։ Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ այս թվերը նախնական են։ «Արդբեջանի այսօրվա քաղաքականությունն է՝ հուշարձանների յուրացում, աղվանականացում։ Սա նոր չէ, մեծ թափ է առել դեռեւս 1950-1960-ական թվականներին, երբ ադրբեջանական պատմագիտության մեջ զարգացավ այսպես կոչված ադրբեջանական ժողովրդի ծագման աղվանական տեսությունը՝ կովկասյան աղվանքը համարելով որպես իրենց ժառանգություն»,- ասաց նա։
Ադրբեջանի իշխանությունները հայկական եկեղեցիների, խաչքարերի վրայից ոչնչացնում են վիմագիր արձանագրությունները։ Եվ դա տեղի է ունենում հենց Ալիեւի հրամանով է։ Հովհաննիսյանը հիշեցրեց՝ երբ Ալիեւն այցելել էր Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Ծաղկավանքի մոտ, հայտարարել էր, թե այդ եկեղեցիների արձանագրությունները հետագայում են ավելացվել հայերի կողմից եւ ենթակա են ոչնչացման։
Արցախում ոչնչացվում են նաեւ 1994 թվականից հետո կառուցված հոգեւոր պաշտամունքային շինությունները եւ մոնումենտալ արվեստի կոթողները։
Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը համարում է, որ 1994 թվականից հետո կառուցված բոլոր շենք-շինությունները ենթակա են ոչնչացման։ «Իրականացվում է հայկական բնակավայրերի իսլամացման գործընթաց, հայկական բնակավայրերում մզկիթներ են կառուցվում։ Այսինքն՝ սկսվել է էթնոկրոնական դիմախեղման եւ իսլամացման գործընթացը»,- հավելեց նա։
Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկություններ է մշակել՝ ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար, սակայն այսօրվա քննարկմանը կառավարությունից ոչ ոք չէր մասնակցում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: