Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ հուշարձանների պահպանության մասնագետ Արմինե Հայրապետյանն անդրադարձավ Ռուսաստանից հնչող հայտարարություններին։
«Պետք է արագ արձագանքել այն հայտարարություններին, որոնք շատ հաճախ հնչում են Արցախի Հանրապետության երաշխավորը հանդիսացած Ռուսաստանի կողմից։ Ես չգիտեմ՝ որեւէ մարմին բացատրություն պահանջե՞լ է ռուսական դեսապանատնից՝ նրանց նախագահի եւ ԱԳՆ մամլո խոսնակի՝ վերջերս արված հայտարարությունների վերաբերյալ, որ Լաչինը դառնում է ԱՊՀ մշակութային քաղաք։ Այսինքն՝ նրանց համար ընդունելի՞ է, որ Բերձորում վերացվում է մշակույթ՝ ի դեմս Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու։ Ստեփանակերտի պատմական Թումանյան փողոցի ավերման հարցին անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել էր, թե դա ադրբեջանական քաղաք է եւ Ադրբեջանի ներքին գործն է»,- ասաց նա։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ քննարկման ժամանակ դիմեց ՌԴ դեսպանատան ներկայացուցչին․ «Քանի որ այստեղ է նաեւ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ես ասեմ, որ Արցախում ոչնչացվել է նաեւ Հայրենական մեծ պատերազմի երկու տասնյակից ավելի հուշարձան։ Եվ այն ժամանակ մենք դիմել էինք ռուս խաղաղապահների հրամանատարությանը, ռուսական կողմին, ՌԴ մշակույթի նախարարությանը, բայց որեւէ արձագանք չի եղել։ Հարցնում եմ՝ ինչքանո՞վ է Ռուսաստանի Դաշնության համար ընդունելի, երբ իրենց երկրորդ մայրաքաղաքը պաշտպանած Խորհրդային միութան կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրիով էսկալատորով ֆուտբոլ են խաղում, տեսանյութը կա»։
Քննարկումը նախագահող պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը կարող է արձագանքել, եթե ցանկանում է, բայց որեւէ արձագանք չեղավ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: