Աշխատասեր, քարից հաց քամող և ոչ մի աշխատանքից չվախեցող արցախցի ընտանիքն այսօր կանգնած է բազում խնդիրների առջև
Արցախի տեղահանումից ավելի քան մեկ տարի հետո Ստելլա Գաբրիելյանը առանց հուզվելու չի կարողանում հիշել 2023-ի սեպտեմբերի 19-ը և դրան հաջորդող ողբերգական օրերը։ Պատերազմից 20 օր առաջ էր ծննդաբերել և երկար սպասված երեխան գրկին չգիտեր՝ կփրկվե՞ն արդյոք․․․
Աննան արդեն մեկ տարեկան է, Ստելլան կրտսեր եղբոր ընտանիքի ու մոր հետ ապրում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղում։
Դողացող ձայնով է պատմում․
-Սեպտեմբերի 19-ի առավոտը սովորական առավոտ էր շրջափակված Արցախի համար, ու հանկարծ կեսօրին մոտ սկսվեց․․․ Հրետակոծությունները քանի գնում ուժգնանում էին՝ ոչ մի րոպե չդադարելով։ Եղբայրներս՝ Նորայրն ու Հրայրը, դիրքերում էին։ Նրանց կանայք, երեխաները, մայրս ու ես հավաքվել էինք՝ չիմանալով մեր հետագա քայլերը։ Արցախյան առաջին պատերազմում զոհվածի այրի մայրս, ինչքան ուժ ուներ, փորձում էր հավաքել․ 9 թոռնիկների պատասխանատուն էր։ Տարիներ շարունակ մեր ընտանիքը դժվարությունների միջով էր անցնում, և մորս շնորհիվ կարողանում էինք հաղթահարել դրանք։ Այս անգամ ևս մեր հույսը նրա վրա էինք դրել, մինչև կգային տղաները։
Արդեն հասկացել էինք, որ այս պատերազմը նախորդների նման չէ, և սպասվում է անկանխատեսելին։ Ասկերանցիներն արդեն տարհանվում էին Ստեփանակերտի օդանավակայան։ Երեկոյան կողմ մենք նույնպես տեղափոխվեցինք այնտեղ։ Աննկարագրելի տեսարան էր՝ մարդկանց հոծ բազմությամբ, աղմուկ-աղաղակով, անօգնական իրավիճակով։ Մի քանի օր մնացինք այդտեղ։ Եղբայրներս դիրքերից իջել էին ու միացել մեզ։ Հետո ես որոշեցի վերադառնալ տուն, որովհետև հնարավոր չէր նորածին երեխայիս պահել այդտեղ։ Փոքրիկին լողացնել, շորերը լվանալ էր պետք, և մայրիկիս հետ ոտքով գնացինք տուն։
Մեկ օր տևած պատերազմն իր աղետալի հետևանքներն էր թողել․ ամենուր ողբ էր, սուգ։ Արդեն խոսակցություններ էին գնում Արցախը լքելու մասին։ Ամեն ինչ որոշված էր՝ առանց ժողովրդի կարծիքն իմանալու։ Լսել էինք, որ բացվել է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, և մարդիկ արդեն դուրս էին գալիս երկրից։ Սեպտեմբերի 24-ին փոքր եղբորս ընտանիքը նույնպես բռնեց գաղթի ճանապարհը, իսկ հաջորդ օրը՝ մեծ եղբորս կինը երեխաների հետ։ Տանը մնացել էինք ես մայրս, Նորայրը և փոքրիկս։ Հոկտեմբերի 28-ին ոտքով ճանապարհվեցինք դեպի օդանավակայան։ Ասկերանը գրեթե դատարկվել էր։ Հաջորդ օրը Հայաստան մեկնող ավտուբուսներից մեկով Արցախից հեռացանք նաև մենք․․․
Ստելլան անասելի ցավ է ապրում, որ հոր գերեզմանը գերության մեջ է մնացել, ոչ ոք այլևս ծաղիկ չի խոնարհի նրա հիշատակին։ Արցախում են մնացել բոլոր թանկ հիշողությունները, երազանքները։ Նա իր փոքրիկի համար խաղաղ ու երջանիկ կյանք էր երազում հայրենի բնօրրանում։ Ավա՜ղ, բոլորովին այլ ընթացք ունեցավ արցախահայության ճակատագիրը: Սփոփվում է՝ վերջին երկու օրը հայրական տանն է քնել․․․
Գաբրիելյանների ընտանիքը, որ Ասկերանում հայտնի էր որպես աշխատասեր, քարից հաց քամող և ոչ մի աշխատանքից չվախեցող ընտանիք, այսօր կանգնած է բազում խնդիրների առջև։
Ստելլան մտահոգվում է․
-Չենք կարողանում հիմնական աշխատանք գտնել։ Այդ խնդիրը համատարած է և ամենուր տարիքային սահմանափակումներ են։ Մայրս, որ ամբողջ կյանքում աշխատել է, այժմ դժվարությամբ է հարմարվում, որ անգործ է մնացել։ Մի կերպ ապրում ենք պետության կողմից տրվող 40+10 աջակցության հաշվին։ Երեխայիս նպաստը չի հերքիում անգամ նրա սննդի ու հիգիենայի պարագաների համար։ Եթե ճիշտ լինեն աջակցության մասնակի դադարեցման մասին խոսակցությունները, ապա մեր ընտանիքը ծանր կացության մեջ կհայտնվի։ Ձմեռվա նախաշեմին դրամական օգնության դադարեցումը շատ բացասական կանդրադառնա ինչպես մեր, այնպես էլ գրեթե բոլոր արցախցի ընտանիքների համար։
Հիշում է․
-Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մորս հետ մեկ օր անգամ չենք լքել հարազատ Ասկերանը։ Եղբայրներս դիրքերում էին։ Միշտ ասում էի, մինչև Նորայրն անձամբ չասի, մենք դուրս չենք գալու Ասկերանից։ Հրետանավոր էր, 44 օր շարունակ իրեն վերապահված դիրքում։ Դաժան պատերազմ էր, սակայն հույս ու հավատ կար։ Պատերազմից հետո թվում էր՝ կրկին կվերածնվենք, ոտքի կկանգնենք:
Չի դադարում հուսալ ու հավատալ․
-Վաղուց եմ դուրս եկել երեխայի տարիքից, բայց ուզում եմ հավատալ հրաշքի կատարմանը։ Ապրում եմ վերադարձի հույսով։ Կարոտում եմ մեր տունը, իմ Ղլիժբաղը, բոլոր հարևաններիս և ընկերներիս։ Արցախում մենք կկարողանայինք հաղթահարել բոլոր դժվարությունները, կդիմանայինք փորձություններին․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: