Իրանում ՀՀ դեսպան․ Հայաստանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցք

  • 08:27 21.10.2024
Հայաստանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը, իսկ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է գտնվի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, գործի հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Այս մասին «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը մեկնաբանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևոր երաշխիք:
«Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,– նշել է Ավագյանը:
Դիվանագետը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը: Ավելին, Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել հենց այն պայմաններով, որոնք ապահովում է Իրանը։
Նա նաև անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն ուղղված է տնտեսական ուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանի երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը, ինչպես նաև նոր կապերի ստեղծմանը և երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատմանը:
Այն ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում և զարգացում՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով։ Դա թույլ կտա նաև երկաթուղային հաղորդակցություն սկսել Հայաստանի բարեկամ Իրանի հետ։