Արցախցիներն այսօր ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։
Արթուր Օսիպյանն ասաց, որ սա առաջին նախաձեռնությունը չէ։ Առաջին հայտարարությունն արցախյան ՀԿ-ների կողմից եղել է 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, որտեղ հստակ նշված էին հինգ պայմաններ, թե ինչպես են արցախցիները պատկերացնում իրենց վերադարձի ապայմանները։
«Եվ այսօր Շվեյցարիայի խորհրդարանը, որը որոշում է կայացրել, ինքը համահունչ է այն հայտարարություններին, որոնք արցախցիները ներկայացրել են»,- ասաց Օսիպյանը։
Նա նշեց, որ երկրորդ նախաձեռնությունն այն էր, որ 50-ից ավելի կազմակերություներ ստորագրել են ԵԱՀՄ Մինսկի խմբին ուղղված նամակ՝ կոչ անելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։
«Այսօրվա նախաձեռնությունը երրորդ նախաձեռնությունն է, քաղաքական եւ իրավական առումով շատ գրագետ ու տեղին է։ Եվ այսպիսի շարունակական գործի արդյունքում, իմ կարծիքով, հասարակությունը կհամախմբի։ Հասարակությունը պետք է համախմբի գաղափարի ու ծրագրի շուրջ, իմանա, ինչ ենք անում եւ ոնց ենք ուզում մեր նպատակին հասնել։ Մեր խնդիրն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը բերենք օրակարգ, միջազգային հանրությունը քննարկումները շարունակում է, բայց այստեղի իշխանությունները խոչընդոտ են դրա համար եւ օրակագից հանել են հարցը։ Մեր խնդիրն է, որ ՀՀ իշխանությունը հասկանա, որ Արցախի համար պայքարելը եւ արդարության պահանջն է, եւ ՀՀ անվտանգության խնդիր է»,- ասաց Արթուր Օսիպյանը։
Ըստ նրա՝ եթե անգամ ՄԱԿ-ի բանաձեւերով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դա չի զրկում արցախցիներին իրենց ինքնորոշման իրավունքից օգտվել։ Եվ խնդիրը դրված է այնպես, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի։ «Քանի որ Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում հայերի շահերը եւ հայերին չի ներկայացնում, ապա մենք իրավունք ենք ստանում, օգտվելով մեր ինքնորոշման իրավունքից, խոսել անջատումի մասին»,- ասաց նա։
Օսիպյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները խոչընդոտ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հարցի արդար լուծման համար, քանի որ իրենք Արցախի հարցն օրակագից հանել են։
ԱՆդրադառնալով ՄԱԿ-ի բանաձեւերի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Օսիպյանն ասաց․ «Այդ չորս բանաձեւերում ի՞նչ է գրված, որ իրավունք ունեն մտնել Հադրո՞ւթ, որ Ասկերանի շրջաննե՞րը զավթեն։ Եթե գրագետ մարդիկ ընթերցեին դա, նույն ՄԱԿ-ի չորս բանաձեւում գրված է՝ ընդունված է Արցախի իրավունքը Լաչինի միջանցքի եւ նախկին ԼՂԻՄ տարածքների նկատմամբ։ Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է չորս բանաձեւի մասին, ապա մենք կխնդրեինք, որ Ալեն Սիմոնյանը պայքարեր, որ այդ չորս բանաձեւերը կյանքի կոչվեն։ Այո, մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կոնկրետ խոչընդոտում է այս գործին, բայց արցախցիների խնդիրն էլ այն է, որ ինքնակազմակերպվեն եւ ցույց տան աշխարհին, որ, արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Արցախցիները պահանջում են միջազգային իրավունքի լիարժեք իրականացում եւ նաեւ պայքարում են այդ արդարության համար։ Կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, միջազգային հանրությունը փաստորեն չի փակել այդ հարցը, ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներն առանձին նշել են, որ ԼՂ հարցը դեռ պետք է Մինսկի խմբի շրջանակներում քննարկվի, եւ կարգավիճակի հարցը լուծվի»,- ասաց Օսիպյանը։
Արթուր Օսիպյանը նաեւ հավելեց, որ Արցախից հրաժարվելը վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետությանը, ինչն այսօր տեսնում ենք։ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան ու ընդունեն՝ պետք է պայքարենք Արցախի համար, որպեսզի ապահովեն նաեւ ՀՀ անվտանգությունը։
«1991 թվականին նույնն է եղել, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, աշխարհը դա չի ընդունել։ Այսօրվա դրությամբ էլի ՀՀ իշխանությունը Արցախը նվիրում է Ադրբեջանին, բայց աշխարհը չի ընդունում»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: