Ժողովրդի անգիտության վրա խաղալով՝ փորձում են ցույց տալ, որ եթե Արցախի հարցը հանեն, Հայաստանը պահելու են։ Արցախի հարցը հանեք, պետությունը փլուզվելու է

  • 18:05 21.10.2024

Արցախցիներն այսօր ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։

«Բոլորին հայտնի է, որ Հայաստանի այսօրվա հանրապետության ստեղծման հիմքում հատկապես Արցախի հարցն է։ Պատահական չէ, որ 1988 թվականի շարժման հիմքում կանգնած Ղարաբաղ կոմիտեի անդամները դարձել են Երրորդ հանրապետության իշխանություն։ Մեր թշնամիների հաջողվել է մեր գլուխը մտցնել, որ Արցախը բեռ է Հայաստանի համար։ Բայց քանի որ այս պետությունը ստեղծվել է արցախյան հարցի վրա, իր հիմքում ընկած է Արցախի հարցը, եւ եթե Արցախի հարցն այս պետության տակից հանեն, պետությունը փլուզվելու է։ Դա լավ գիտեն մեր թշնամիները, դա լավ գիտեն նաեւ նրանք, ովքեր այսօր Հայաստանում իշխանություն են զավթել։ Ժողովրդի անգիտության վրա խաղալով՝ փորձում են ցույց տալ, որ եթե Արցախի հարցը հանեն, Հայաստանը պահելու են։ Արցախի հարցը հանեք, պետությունը փլուզվելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նրա խոսքով՝ «Միացումի» հարցից բացի, Հայաստանը ստեղծվել է նաեւ Ցեղասպանության հարցի վրա։ Բայց այս իշխանություններն այդ հարցն էլ են փորձում փակել։ «Ո՞նց կարող է հայամետ, հայաստանամետ ուժն այդպիսի բան անել։ Պարզ ու հստակ երեւում է, որ սրանք ղեկավարվում են դրսից։ Մեր մոտ անիմաստ ռուսասիրություն կա։ Մի մասը սկսում է այստեղ գոռոց դնել, թե այս իշխանությունը ենթարկվում է թուրքերին։ Այս իշխանությունը երբեք թուրքերին չի ենթարկվել, այս իշխանությունը ռուսներին ծրագիրն է իրականացնում։ Ինչ անում է, ռուսների առաջադրանքով է անում։ Ստացվել է այնպես, որ մեր ժողովուրդը բաժանվել է երկու մասի, մեկն ասում է՝ պիտի Թուրքիայի հետ միանանք, մյուսն ասում է՝ Ռուսաստանի հետ։ Բայց երկուսն էլ չեն հասկանում, որ մեկը ուղիղ ճանապարհով է թուրքերի շահը սպասարկում, մյուսն էլ ռուսների օգնությամբ։ Սրանից պիտի ազատվի մեր ժողովուրդը, եթե այս հարցերն իր մեջ չլուծի մեր ժողովուրդը, մենք վերջանալու ենք որպես պետություն»,- նշեց Հայրյանը։

Նա հիշեցրեց Արամ Մանուկյանի խոսքերը՝ միայնակ ենք եւ միայն մեր ուժերին պետք է ապավինենք․ «Այդ մարդն ապավինեց իր ուժերին, հայությանն իր շուրջը համախմբեց, Սարդարապատում հաղթեց եւ պետություն ստեղծեց»։

Ռոզա Հովհաննիսյան

f