Ահաբեկչությունից հետո Թուրքիան հարվածներ է հասցնում քրդերին Իրաքում և Սիրիայում

  • 11:33 24.10.2024

DW

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հինգշաբթի լույս հոկտեմբերի 24-ի գիշերը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավիահարվածները «հաջողությամբ ոչնչացրել են ահաբեկիչների 32 թիրախ»։ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե որ թիրախներն են խոցվել։ Հայտարարության մեջ ասվում է, որ «բոլոր նախազգուշական միջոցները» ձեռնարկվել են խաղաղ բնակչությանը վնաս չպատճառելու համար: Նշվում է, որ օդային գործողությունները շարունակվում են։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածները հասցվել են Անկարայի նահանգում գտնվող Turkish Aerospace Industries (TAI, TUSAS) պաշտպանական արդյունաբերական ընկերության օբյեկտներում ահաբեկչությունից մի քանի ժամ անց։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս 22-ը՝ վիրավորվել։ Բացի այդ, սպանվել է երկու հարձակվող։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ ենթադրվում է, որ ահաբեկչությանը մասնակից է եղել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նույնպես հայտարարել է PKK-ի հնարավոր մասնակցության մասին։