Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունեց 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված բանաձեւով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում եւ արտերկրում։
Եվրախորհրդարանականները հատուկ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի հավատարմորեն ներգրավվելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։
Եվրախորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ ԵԽ-ն վերահաստատում է իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Եվրոպական խորհրդարանն ընդունված բանաձևով շեշտում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը հաղորդակցությանը վերաբերող խնդիրները պետք է բացառապես լուծվեն՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ԵԽ պատգամավորները զգուշացնում են, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և ունենալու է լուրջ հետեւանքներ ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա։
«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», – ասված է բանաձեւում։
Բանաձեւը, ողջունելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին հատկացված օգնությունը, կոչ է անում Հայաստան-ԵՄ համագործակցությունն էլ ավելի ամրապնդել անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ դատապարտում է Հայաստանին ուղղված ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք։
Ընդգծելով ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը Հայաստանում՝ եվրախորհրդարանականներն իրենց մտահոգությունն են արտահայտում Ադրբեջանից հնչող զրպարտիչ եւ քննադատական հայտարարությունների ու արշավների վերաբերյալ։ Այս համատեքստում ԵՄ-ին եւ անդամ երկրներին կոչ են անում մեծացնել եւ երկարացնել առաքելության մանդատը։
Բանաձեւը ողջունելով սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված առաջընթացը՝ կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ կոչ է անում անդամ պետություններին սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան։
Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։ Եվրախորհրդարանականներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։ ԵՄ կառույցներին կոչ է արվում շարունակել աջակցել Հայաստանին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված հարցերում անհրաժեշտ մարդասիրական կարիքները բավարարելու համար։
Խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխությունից և փոխարենը կոչ են անում պահպանել, պաշտպանել և խթանել առկա հարուստ բազմազանությունը։ ԵԽ պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ։
Բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների կամ Ադրբեջանի կառավարության եւ խորհրդարանի անդամների հրապարակային վիրավորանքներն ու ուղղակի սպառնալիքները ուղղված ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաներին։ Այս համատեքստում, Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների մուտքը ԵՄ կառույցների շենքեր արգելվի մինչև հետագա ծանուցում։
Մեկնաբանելով բանաձևի ընդունումը՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նկատել է․ «Այս բանաձևի ընդունումը տրամաբանական շարունակությունն էր Եվրոպական խորհրդարանի նախկին բանաձևերի և հոկտեմբերի 22-ի քննարկման։ Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, գնահատում ենք նրանց սկզբունքայնությունն ու հետևողականությունը, ինչը, ցանկանում ենք հավատալ, որ կբերի նաև Ադրբեջանի հետ ԵՄ գործադիր իշխանության քաղաքականության վերանայման։
Այս բանաձևի մասով, հատուկ ցանկանում եմ կարևորել, որ խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան իրավապայմանագրային հարաբերությունների հետագա զարգացման համար նախապայմաններ է սահմանում՝ մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակումը, Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում անկեղծ պատրաստակամության դրսևորում, ինչպես նաև արցախահայության իրավունքների հարգումը։
Ցանկանում եմ շեշտել՝ Ադրբեջանի հետ Եվրոպական միության ենթադրյալ նոր համաձայնագրի վավերացման հարցն ամբողջությամբ Եվրոպական խորհրդարանի իրավասության ոլորտում է, և այս հարցով գործադիր իշխանությունը կաշկանդված է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմամբ։ Հետևաբար, ԵՄ գործադիր իշխանության քաղաքականության զարգացումը որոշակի հանգրվանում կախված է լինելու խորհրդարանի դիրքորոշումից, ուստի գործադիր իշխանությունը չի կարող անվերջ հաշվի չառնել խորհրդարանի կարծիքը։ Մենք արդեն իսկ նշմարում ենք արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կողմից Ադրբեջանի հետ խոսույթի որոշակի կոշտացում և մեզ համար ընդունելի օրակարգերի ներառում։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն այս ուղղությամբ ևս շարունակելու է իր աշխատանքները»։