Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին»։
Բանաձեւը, ի թիվս այլ բաների, կոչ է անում Բաքվին համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ ապահովել բոլոր անհրաժեշտ երաշխիքները՝ կապված նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների հետ։
2020 թվականին ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների օկուպացումից հետո շրջվարչակազմերի ղեկավարներն ու համայնքապետերը երկու տարի այդ շրջանների բնակիչների կորցրած գույքի և բիզնեսի գույքագրում են իրականացրել։
2021 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ի պաշտպանություն գրավյալ տարածքների բոլոր բնակիչների կոլեկտիվ սեփականության պահանջների։ Մի շարք փաստաբաններ գույքային կորուստների վերաբերյալ անհատական հայցեր են պատրաստել և ներկայացրել ՄԻԵԴ։ Ընդհանուր առմամբ, մոտ 1000 նմանատիպ հայց է ներկայացվել ՄԻԵԴ։
Բայց սա բավարար չէր։ Ինչպես ասում է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, միջազգային դատարանները պետք է հեղեղված լինեն արտաքսված քաղաքացիների անհատական պահանջներով։
Իսկ 2023-ի բռնի տեղահանությունից հետո Հայաստանի կառավարությունը Արցախի հիմնախնդրի արգելափակման և արցախցիների իրավունքները անտեսելու ուղի է բռնել։ Մինչ օրս ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկված քաղաքացիների կորցրած գույքի գույքագրում չի իրականացվել։
Հայաստանում դրանով պարզապես ոչ ոք չի զբաղվում, իսկ Արցախի խորհրդարանը կաթվածահար է, քանի որ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ չի կարող «պետություն պետության մեջ» լինել, եւ Հայաստանում չկա Արցախի կառավարություն։
Հայաստանի իշխանությունն ինքը գործնականում չի զբաղվում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Անգամ մասնավոր իրավաբաններն ու փաստաբանները նման գործեր չեն վերցնում հիմա։
Խնդիրն այն է, որ մայրցամաքային Հայաստանը, որին արցախցիները համարում են իրենց հայրենիքը, միջազգային ասպարեզում չի ներկայացնում իր ժողովրդի մի մասի ոտնահարված իրավունքներն ու շահերը։ Ավելին, դա թույլ չի տալիս Արցախի ընտրյալ իշխանություններին դա անել։
Ի տարբերություն Հայաստանի, այդ մասին խոսում են Եվրախորհրդարանում։
Միջազգային իրավունքը նշում է, որ եթե մի պետության տարածքն անցնում է մեկ այլ պետության իրավասության ներքո, վերջինս չի կարող հայտարարել, որ սեփականության իրավունքը դադարեցվում է այն պատճառով, որ դա արդեն Հայաստան չէ, այլ Ադրբեջանի տարածք։ Կա՛մ պետք է թույլ տան վերադարձնել և տնօրինել ունեցվածքը, կա՛մ պետք է փոխհատուցում վճարեն։
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով. «Այս դեպքում մենք գործ ունենք մարդու իրավունքների համընդհանուրության հետ, որոնց վրա չի ազդում ո՛չ ժամանակը, ո՛չ տարածքային իրավասության փոփոխությունները։ Այսինքն՝ եթե մարդիկ իրենց ունեցվածքը թողել են Արցախում, դա չի նշանակում, որ կորցրել են սեփականության իրավունքը։ Եթե նույնիսկ փաստաթղթերը ոչնչացվում են, դա չի նշանակում, որ նրանք կորցրել են սեփականության իրավունքը։ Հետագա որոշումները կկայացվեն իրավական գործընթացներով, բայց որոշումները պետք է կայացնեն պետությունները»:
Ցավոք, Արցախի ժողովուրդը կանգնած է խնդրի առաջ․ Հայաստանը չի պատրաստվում ներկայացնել իր իրավունքներն ու շահերը, իսկ Ադրբեջանը բացարձակապես թքած ունի միջազգային իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների վրա (հայտնի է, որ այս ահաբեկչական երկրում նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չեն հարգվում):
Ինչպե՞ս է Եվրախորհրդարանը պատկերացնում “երկխոսությունը” ֆաշիստական, նացիստական Ադրբեջանի և Արցախի ժողովրդի միջև, ում այս ահաբեկչական կառույցը ենթարկել է ցեղասպանության և էթնիկ զտումների՝ յուրացնելով նրանց շարժական և անշարժ գույքը, բիզնեսը և այլն։
Արցախցիներն ունեն նաև կոլեկտիվ սեփականության իրավունքներ, այդ թվում՝ իրենց նախնիների հողի, անտառների, դաշտերի, ջրային ռեսուրսների, օգտակար հանածոների, բուսական և կենդանական աշխարհի իրավունք։
Ո՞վ է զբաղվելու արցախցիների ունեցվածքի գույքագրմամբ, եթե ահաբեկիչները Արցախը դարձրել են «սև գոտի», և նույնիսկ միջազգային կազմակերպություններին այնտեղ թույլ չեն տալիս գնալ, էլ չենք խոսում հենց բնակիչների մասին։
Անցել է 4 տարի, և միջազգային հանրությունը չի կարող ստիպել ռասիստներին թույլ տալ Արցախ գնալ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը պատասխանատու է ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանման համար, որն անխնա ոչնչացվում է Արցախի տարածքում։
Հուսանք, որ Եվրախորհրդարանի բանաձեւը հերթական թղթի կտորը չի դառնա ու ազդեցություն կունենա։ COP-29-ի անցկացումը պետք է վերանայվի, ռասիստների հետ գազային և այլ տնտեսական համաձայնագրերը պետք է կասեցվեն և չեղարկվեն։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: