Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այդ մասին իր էջում գրել է դատապաշտպան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:
Մայիսին փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Գյուրջյանի կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և մանրամասներ հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից։ Ըստ այդմ նա կասկածվում է Փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության մեջ։