Հայաստանը չի բացառում, որ կմասնակցի Բաքվում COP29-ին

  • 18:01 25.10.2024

Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է ՀՀ արտգործնախարարի անունով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի COP29 համաժողովին մասնակցության հարցն այժմ քննարկվում է կառավարության կողմից։ «Այդ հարցը քննարկվում է մի քանի ասպեկտներով ինչպես խաղաղության հաստատման, հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ՝ այդ միջոցառման օրակարգով պայմանավորված։ Գիտեք, որ դա միջազգային ամենահեղինակավոր միջոցառումն է՝ ուղղված կլիմայի փոփոխությանը։ Հաշվի առնելով իմ նշած այդ բոլոր հանգամանքները՝ մոտ ապագայում կկայացնենք որոշում, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի»,- հայտնեց փոխարտգործնախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է Արարատ Միրզոյանը մանսակցի COP29-ին, Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ չեն բացառում որևէ տարբերակ։

Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է առաջիկա շաբաթների զարգացումներից։

Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ուղարկել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին մասնակցելու հրավեր։

f