Մարտակերտի քաղաքապետին արդարացրել են Կառավարության որոշումից հետո

  • 13:48 26.10.2024

Ընդգծելով, որ Մարտակերտի համայնքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը «անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել», Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել։

ՔԿ-ն մասնավորապես նշել է՝ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված և մասնավոր սեփականություն չհանդիսացող՝ մինչև 2017թ․ արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է ԼՂ-ից տեղահանման արդյունքում Հայաստանում հայտնված, ՀՀ քաղաքացիություն ստացած կամ ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և նշված տրանսպորտային միջոցները փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց անվամբ։

Կառավարության վերոնշյալ՝ անձի իրավական վիճակը բարելավող որոշման իրավակարգավորումների պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է և չի կարող համարվել հանցանք:

Արցախի նախկին պաշտոնյան մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու, խարդախության, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մարտակերտի համայնքային ավտոմեքենան յուրացնելու համար։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանի գնահատմամբ՝ գործն ի սկզբանե շինծու էր. Միշա Գյուրջյանը Մարտակերտին պատկանող գույքը հափշտակելու մտադրություն չի ունեցել, անվանափոխել է ավագանու որոշմամբ, պարզաբանում է փաստաբանը։

f