Մի քանի երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետն արդեն շնորհավորել են Վրաստանի վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։
Կառավարության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»՝ նշելով. «Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս շնորհավորական ուղերձ է հղել՝ Վրաստանի վարչապետին հրավիրելով Բաքու. «Այս քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը և ավանդական արժեքներին։ Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը»։
Այսօր Վրաստան կժամանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա մի շարք հանդիպումներ կունենա Թբիլիսիում, կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն ու Օրբանը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հունգարիայի վարչապետն առաջինն էր, որ շնորհավորեց «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումը։
«Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար, և այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին», – հայտարարեց Հունգարիայի վարչապետը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ երեկ երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար։
«Ես այս ընտրությունները չեմ ճանաչում», – հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ ճեպազրույցում։
Նա նաև հայտարարել է այսօր հանրահավաք հրավիրելու մասին։
Ըստ ԿԸՀ-ի՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների 54.8 տոկոսը, խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել են նաև 4 ընդդիմադիր ուժեր։ Նրանցից ոմանք արդեն հայտնել են ընտրությունների արդյունքները չընդունելու, մանդատները չվերցնելու և ակցիաներ սկսելու մտադրության մասին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: