Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սախիր Շամշադ Միրզային։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
«Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ նախագահ Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է վերջերս Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում հայտնված JF-17C ինքնաթիռը, և շեշտել, որ այդ ինքնաթիռները լավագույններից են համաշխարհային մակարդակում», – ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մամուլը գրել է, թե Հնդկաստանը թույլ չի տալիս Թուրքիային մտնել БРИКС՝ իր հակառակորդ Պակիստանի հետ սերտ համագործակցության համար։ Նույն պատճառով Հնդկաստանը աշխատում է Հայաստանի տարածքով գլոբալ կոմունիկացիաների անցկացման օգտին եւ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է ծավալում։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս տված հարցազրույցում ընդգծել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի հետ ռազմական առճակատման ավարտի վերաբերյալ խաղաղ բանակցությունների գործընթացում։ Նա նշել է, որ Հնդկաստանը, ունենալով զգալի ազդեցություն միջազգային ասպարեզում, կարող է օգնել բարելավել իրավիճակը և ճնշում գործադրել Մոսկվայի վրա։